Հայկ Մարությանը ներկայացրել է Կենտրոնի նորանշանակ ղեկավարին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ավետ Պողոսյանին: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
Քաղաքապետ Մարությանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանին և աշխատակազմին՝ կատարած աշխատանքի համար ու ակնկալել վարչական շրջանի նոր ղեկավարի հետ արդյունավետ համագործակցություն ու աշխատանք:
Հայկ Մարությանը նշել է, որ ապօրինի շինարարության, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, բազմաբնակարան բնակելի շենքերի խնդիրների կարգավորման նպատակով քաղաքապետարանն այսօր մի շարք օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել:
Քաղաքի առջև դրված խնդիրները լուծելու և քաղաքային իշխանության տարբեր նախաձեռնությունները կյանքի կոչելու գործում Հայկ Մարությանը կարևորել է նաև բնակիչների հետ համագործակցությունն ու ամենօրյա աշխատանքը: