ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի կոմիտեի համատեղ նիստը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեւանում դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ 5-րդ նիստը՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի համանախագահությամբ, հայտնում են Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից։

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ողջունելով ռուս խորհրդարանականների այցը ՀՀ Ազգային ժողով, կարեւորել է խորհրդարանական մակարդակում համագործակցության նմանատիպ ձեւաչափի առկայությունը՝  որպես արդյունավետ խթան Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանական կապերի կայուն եւ դինամիկ զարգացման համար:

Հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների բարձր մակարդակին, կարեւորել է Գյումրիի «Սեւ բերդ» ամրոցում նոյեմբերի 6-ին կայացած ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստի անցկացումը, որի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում ազգային օրենսդրությունների ներդաշնակեցմանն ու մոտարկմանը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ մշակութային, մարդասիրական համագործակցությանը վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը կարեւորել է նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի համակարգված փոխգործակցությունը միջազգային տարբեր հարթակներում:

Հանձնաժողովի նախագահն ընդգծել է Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ջանքերը եւ դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման եւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման հարցում:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաեւ ՌԴ ԴԺ Դաշնության Խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը: Կարեւորելով համատեղ նիստի անցկացման ավանդույթը՝ կոմիտեի նախագահը գոհունակությամբ ընդգծել է պրոֆիլային հանձնաժողովների համագործակցության արդյունավետությունը բաց եւ թափանցիկ քննարկումներ ունենալու հնարավորությամբ պայմանավորված:

Նմանատիպ ձեւաչափում համատեղ նիստի անցկացման ավանդույթը կարեւորել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը:

Հանձնաժողովների համատեղ նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են Հարավային Կովկասում գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին, ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ անօրինական միգրացիայի, ինչպես նաեւ քիմիական եւ կենսաբանական ահաբեկչական գործողությունների դեմ պայքարին, եվրասիական ինտեգրացիոն գործընթացների օրենսդրական ապահովմանը վերաբերող հարցերին: Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակի տոնակատարությունների նախապատրաստման համատեքստում քննարկվել են նաեւ պատմության խեղաթյուրմանը, նացիզմի հերոսականացմանը, ինչպես նաեւ նեոնացիզմի դրսեւորումների դեմ պայքարին առնչվող հարցեր, որոնք նպաստում են այլատյացության եւ անհանդուրժողականության աճին:

Զեկուցմամբ հանդես են եկել ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, անդամներ Էդմոն Մարուքյանը, Արման Աբովյանը, Անուշ Բեղլոյանը, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը, նույն կոմիտեի անդամներ Վլադիմիր Լակունինը, Բաիր Ժամսուեւը:

Նիստում քննարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular