ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք մեկնարկել է «վհուկների» որսը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին շրջանում մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ հիմա արդեն նախկին ԴԱՀԿ ծառայության պետ Մհրան Պողոսյանը Պանամայում գրանցված երեք ընկերությունների բաժնետեր է, շվեյցարական բանկերից մեկում դրանցից երկուսի հաշվեհամարների կառավարման իրավասու միակ անձը:

Հասարակության շրջանում մեծ աղմուկ հանած այս տեղեկությունը ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղարը շտապել էր ապատեղեկատվություն որակել, բայց օրեր անց պարզ դարձավ, որ առանց կրակի ծուխ չի լինում և հապճեպ հերքումները, թե Միհրան Պողոսյանը որևէ տեղում որևէ բիզնես չունի, սուտ է: Միամտություն կլինի կարծելը, թե մինչ այդ տեղեկության հրապարակումը հայկական մամուլում, իշխանությունները Միհրան Պողոսյանի կամ ինչպես ավելի շատ նրան անվանում են, Քեթրինի Միհրանի բիզնեսների մասին որևէ տեղեկություն չեն ունեցել:
Բայց, եթե, այնուամենայնիվ, փորձենք միամիտ ձևանալ ու մի պահ պատկերացնել, որ իշխանություններն իսկապես նրան պատկանող և օֆշորներում գրանցված ընկերությունների, շվեյցարական բանկերում ունեցած հաշիվների մասին ոչինչ էլ չեն իմացել, ապա դա կրկնակի անհանգստացնող է:
Եթե իշխանական օղակներում նրա կողմից ծավալվող գործունեության մասին տեղեկություն ունենալը, բայց այդ մասին լռելը կամ հանդուրժողական կեցվածք ընդունելը ամենաշատը կարող է այն ենթադրությունների հանգեցնել, թե վերևներն էլ այդ բիզնեսում փայ ունեն, որի պատճառով էլ որոշ հարցերում լռում են և, այսպես ասած, դրանք «չնկատելու» տալիս, ապա նրա պանամական գործի մասին որևէ տեղեկություն չունենալը թույլ է տալիս եզրակացնել, որ փաստորեն երկրի իշխանական օղակներում վիճակն ավելի վատ է, քան կարելի է պատկերացնել:
Վատ է այն պատճառով, քանի որ, թեև երկրի կառավարման համակարգում կան իշխանությունների գործունեությունը վերահսկող ծառայություններ, որոնք ի պաշտոնե պարտավոր են տարբեր կալիբրի պաշտոնյաների ոչ միայն գործունեության, այլև ամեն ինչի ու ամեն տեսակ շարժերի մասին տեղեկացված լինել, սակայն դե ֆակտո կա՛մ ոչինչ չգիտեն, կա՛մ գիտեն, բայց հանցավոր կերպով լռություն են պահպանում: Ստացվում է, որ հարկատուների հաշվին ապրող պետական կառույցներն իրականում կա՛մ նպաստում են երկրում անօրինականան գործողությունների ծավալմանը, կա՛մ անգործությամբ են զբաղվում:
Իսկ եթե երկրի պետական բարձրաստիճան պաշտոնյաների գործունեությունը վերահսկող պատկան կառույցները իրենց հասանելիք ինֆորմացիային չեն տիրապետում, նշանակում է, որ ազգային անվտանգություն ասվածը կեղծ կատեգորիա է, քանի որ նրանք առավելապես զբաղված են միջինից ցածր տրամաչափի անձանց կամ պետական պաշտոնյաների «հայտնաբերելու» ուղղությամբ, իսկ մեծ շնաձկներով զբաղվելն իրենց «գործը» չէ:
Մնում է սպասել, տեսնելու, թե իրականում իշխանություններն ինչ որոշում կկայացնեն Միհրան Պողոսյանի հարցում, որը նաև կարող է դառնալ այն նախադեպը, որով էլ կմեկնարկի իշխանական լծակները սեփական անձին ծառայեցնելու և այդ եղանակով միլիոնավոր դոլարների եկամուտներ ձեռք բերած պաշտոնյաների կամ այլ կերպ ասած՝ «վհուկների» որսը:


Արմինե Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular