Արոնյան. Գոհ եմ արագ շախմատի աշխարհի առաջնությունում իմ մեկնարկից
ՍՊՈՐՏՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Մոսկվայում մեկնարկած արագ շախմատի աշխարհի առաջնության առաջին խաղային օրվա ավարտից հետո հայտարարել է, որ գոհ է իր գրանցած արդյունքներից:
«Մրցաշարի մեկնարկն ինձ համար բավականին հաջող ստացվեց: Ես 2 հաղթանակ տարա և կարող էի հաղթել նաև երրորդ տուրի՝ ռուսաստանցի Պավել Պոնկրատովի դեմ պարտիայում: Հուսով եմ, առաջիկա 2 օրերին ևս հաջող մրցելույթներ կունենամ և կկարողանամ լավ արդյունք գրանցել»,- Արոնյանի խոսքը փոխանցում է РИА Новости-ն:
Առաջին խաղային օրվանից հետո Լևոն Արոնյանը 5 հնարավորից վաստակել է 3.5 միավոր և բաժանում է 15-47-րդ տեղերը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Հրանտ Մելքումյանն ու Գաբրիել Սարգսյանը ևս վաստակել են 3.5 միավոր: Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանն ու Մանուել Պետրոսյանը ունեն 3 միավոր, իսկ Արման Փաշիկյանը վաստակել է 2 միավոր: