ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես նրան չեմ տեսել, պախկված ա». Քանաքեռավանի պարտված գյուղապետը՝ նորընտիր ՀՅԴ-ական գյուղապետի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքի արդեն նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Ջիվան Քամալյանին ընդամենը 109 ձայն չի բավարարել, որ վերընտրվի նույն պաշտոնում: Ապրիլի 17-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքներով Քանաքեռավանի ղեկավար է ընտրվել ՀՅԴ կուսակցության անդամ, անհատ ձեռնարկատեր Հայկ Սարգսյանը:
Ջիվան Քամալյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը ընտրություններին մասնակցել է և ցանկացել է ազնիվ ճանապարհով կրկին վերընտրվել, իսկ եթե իր համագյուղացիները 17 տարիների ընթացքում կատարած իր աշխատանքը չեն գնահատել, ապա ինքը շատ ուրախ ու հպարտ կլինի, որ նոր համայնքապետը իրենից ավելի շատ բան կարողանա անել այդ գյուղի համար, քան ինքը:
«Ժողովրդական խոսք կա, չէ՞, որ ասում են՝ մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը: Դուք՝ որպես լրագրող, մեկ-երկու տարի հետո կզգաք, որ Քամալյանը ճիշտ էր ասում: Դեռ երկու ամիս ունեմ աշխատելու: Ինչ գործ, որ ունեմ անելու այս ընթացքում, կանեմ, իմ ծրագրերը ավարտին կհասցնեմ ու կգնամ հանգիստ իմ տնտեսությունը, հողը, ջուրը կղեկավարեմ: Ես ոչ մի խնդիր չունեմ: Այն մարդը, ով դավաճանություն է արել, ես նրան ոչինչ չունեմ ասելու»,- ասաց Ջ. Քամալյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ մյուս թեկնածուն կաշառքով ընտրված լինի, Քանաքեռավանի նախկին ղեկավարն ասաց. «Չգիտեմ, բայց երևի մի բան արել են էլի, որ ընտրվել են: Թե չէ էն 200 ձենանոց մարդիկ ո՞վ են, որ ժողովրդի խելքն ուտեն: Ընտրված թեկնածուն մեր համագյուղացին է, Դաշնակցության կուսակցությունից, բայց իր ողջ ապրած ընթացքում ընդամենը 170-200 ձայն ա կարողացել հավաքել»:
Հարցին, որ եթե իր գործունեության ողջ ընթացքում Քանաքեռավանի նորընտիր ղեկավարը ընդամենը կարողացել է 200 ձայն հավաքել իր կուսակցության համար, հիմա ինչպե՞ս է կարողացել 933 ձայն հավաքել և ընտրություններին հաղթել, ասաց. «Մի բան արել են էլի, որ էն, ով մեր հացը կերավ ու հետո եկավ, մեզ դավաճանեց: Համագյուղացիները ժամանակին կհասկանան, եթե մինչև հիմա չեն հասկացել, թե ով էր իրենց գյուղապետը: Ով գալիս էր, ասում էր` երեխես վերջին զանգ պետք է գնա, կոստյում չունի, շալվար չունի, իմ գրպանի փողն էի հանում, տալիս: Ու հենց այդ նույն մարդը ինձ դավաճանեց: Ինչի՞ մասին է խոսքը»:
Խոսելով իր կողմից կիսատ մնացած գործերի մասին, որոնք առաջիկա երկու ամսում պետք է կարողանա ավարտին հասցնել, Ջ. Քամալյանը նշեց, որ գյուղում փողոցների ասֆալտապատման աշխատանքներն են կիսատ մնացել և երկու տարի այդ նպատակով հավաքած գումարը պետք է կարողանա ծառայեցնել իր նպատակին, որպեսզի գյուղը «մաքուր ու անարատ» հանձնի նորընտիր համայնքապետին:
Նա նաև Հայկ Սարգսյանին մաղթեց, որ լավ աշխատի ու համագյուղացիների հետ թշնամություն չանի, իսկ հարցին, թե նրան հասցրե՞լ է շնորհավորել, ասաց. «Ես նրան չեմ էլ տեսել, պախկված ա»:


Արմինե Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular