ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը ոչինչ չի անում Ջերմուկում զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ. Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի տնօրեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեպի Ամուլսար տանող ճանապարհները շարունակում են փակ մնալ և դա կշարունակվի այնքան ժամանակ մինչև ՀՀ կառավարությունը որոշում կայացնի, որ Ջերմուկը հանքարդյունաբերական քաղաք չի դառնալու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն Նարեկ Միրզոյանը:

Նրա խոսքով, եթե Կառավարությունը որոշի, որ հանքը պետք է շահագործվի, ապա «Լիդիան Արմենիա»-ն ամեն ինչ անելու է որպեսզի Կառավարությանը վնաս հասցնի, քանի որ ավելի քան մեկ տարի է՝ դեպի հանքավայր տանող ճանապարհները փակ են եղել և ընկերությունն այսքան ժամանակ վնաս է կրել:

«Իմ կարծիքով՝ Կառավարությունը պիտի կանգնի ժողովրդի կողքին ու լսի քաղաքացիների կարծիքը, իսկ Ջերմուկի բնակչության 99 տոկոսը դեմ է հանքարդյունաբերությանը: Ջերմուկի բյուջեն տարիներ շարունակ գոյացել է տուրիզմից ստացվող շահույթով: Ես չգիտեմ հանքարդյունաբերության զարգացման  ընթացքում Ջերմուկից ինչքան մուտք կլինի բյուջե, սակայն արդյո՞ք այդ մուտքերով  կկարողանանք վերականգնել Ջերմուկի այն համբավը, որը տարածված է ամբողջ աշխարհում՝ որպես զբոսաշրջային և առողջարանային քաղաք»,- նշեց Նարեկ Միրզոյանը:

Բանախոսն ընդգծեց, որ Ջերմուկում զբոսաշրջային բիզնես իրականացնող ընկերությունները բազմիցս դեմ են արտահայտվել հանքարդյունաբերության զարգացմանը, քանի որ իրենք նկատել են, որ զբոսաշրջիկների հոսքը նվազում է:

«Մինչև Ամուլսար տանող ճանապարհների փակվելը Ջերմուկում զբոսաշրջային ոլորտն անկում էր ապրել: Այժմ երբ ճանապարհները փակ են և հանքը չի կարող աշխատել, մենք մոնիտորինգ ենք իրականացրել Ամանորի փաթեթների հետ կապված: Նոյեմբերի 10-ի դրությամբ Ջերմուկում զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերությունների՝ հյուրանոցների կողմից առաջարկվող ամանորյա փաթեթները սպառվել էին։ Ամանորին Ջերմուկը հյուրընկալել է 1900-2100 զբոսաշրջիկի։ Իսկ նախորդ տարիներին ցածր ցուցանիշ ենք արձանագրել, քանի որ հանքարդյունաբերող կազմակերպությունը գործունեություն էր ծավալում»,- ասաց Նարեկ Միրզոյանը:

Նա ընդգծեց, որ կառավարությունն այս պահի դրությամբ ընդհանրապես ոչինչ չի անում քաղաքում զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ: Փոխարենը դա անում են տեղական բիզնեսները՝ իրենց ծրագրերով և ծառայություններով:

«Կարծում եմ, որ եթե հանքարդյունաբերության մեկնարկ տրվի Ջերմուկում, ապա  զբոսաշրջությունը կտրուկ նվազելու է, իսկ դա մեզ պետք չէ: Ջերմուկին հանքարդյունաբերություն պետք չէ, քանի որ մեր ենթակառուցվածքները մեզ բավականին հնարավորություններ են տվել ու կարծում եմ, որ եթե այս ամենը զարգացնենք, ավելի շատ զբոսաշրջիկներ գան Ջերմուկ, մենք կունենանք ավելի մեծ բյուջե, հետևաբար դրանից կտրվեն մեծ հարկեր»,- նշեց Միրզոյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Ջերմուկում տեղի ունեցավ հանրային քննարկում, որի ընթացքում քաղաքացիները որոշեցին չթույլատրել «Լիդիան Արմենիա»-ին մուտք գործել հանքի տարածք և տեխնիկայի ձմեռացում իրականացնել՝ հիմնավորելով, որ նախորդ տարի ձմեռացում կատարվել է, որից հետո տեխնիկան չի աշխատել ու դրա կարիքն այլևս չկա:

Նախքան հանրային քննարկումը ոստիկանության ներկայացուցիչը հորդորել էր բացել սար տանող ճանապարհը, իսկ տեղացիները հարցը որոշեցին քննարկման արդյունքում: Նարեկ Միրզոյանի խոսքով՝ հարց է առաջանում,  թե ինչո՞ւ էր ոստիկանության ներկայացուցիչը բանակցում տեղացիների հետ:

«Մենք հարցում ենք պատրաստվում ուղարկել ոստիկանություն, որպեսզի մեր հարցին հստակ պատասխանեն, թե ի՞նչ իրավասության սահմաններում է ոստիկանությունը գործողություններ իրականացնում: Չէ՞ որ ոստիկանության ներկայացուցիչ է եկել Ջերմուկ ու տեղացիների հետ հանդիպել:Սա հարցեր է առաջացրել մեզ մոտ»,- ընդգծեց Նարեկ Միրզոյանը:

Նա ասաց նաև, որ արդեն մեկուկես տարի է, ինչ անընդհատ ժամկետ են սահմանում, թե երբ կբացվի հանքը կամ «Լիդիանը» երբ կդիմի արբիտրաժային դատարան:

«Վերջին անգամ ժամկետը հունվարի 2-ն էր, սակայն առ այսօր ո՛չ Կառավարության, ո՛չ Լիդիանի կողմից ոչ մի քայլ չենք տեսնում, որպեսզի մենք մեր անելիքն իմանանք: Իսկ եթե հետևենք մամուլին ու «ֆեյք» նյուզին ապա Լիդիան Արմենիան փորձում է ամեն ինչ սևացնել»,- եզրափակեց Նարեկ Միրզոյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular