ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավստրալիայում հրդեհների մարման աշխատանքներին մասնակցում է նաեւ հայազգի Արմեն Առաքելյանը․ նա մանրամասներ է հայտնում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ավստրալիայում անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնակցում է նաեւ հայազգի Արմեն Առաքելյանը։ NEWS.am-ի հետ զրույցում նա պատմեց՝ 29 տարեկան է, ծնվել է Երեւանում, սակայն ծնվելուց մի քանի ամիս անց ընտանիքի հետ տեղափոխվել է Ավստրալիայի Սիդնեյ քաղաք, որտեղ մինչ օրս ապրում են։

Նոյեմբերի 11-ից մասնակցում է անտառային հրդեհների մարման աշխատանքներին, կամավոր է։ 2014 թվականից միացել է Նոր Հարավային Ուելսի Համայնքային հրշեջ ծառայությանը։ Մասնագիտությամբ բիզնեսի եւ ներդրումների մենեջեր է, աշխատում է գյուղատնտեսական ընկերությունում․

«Աշխատում եմ խոշոր գյուղատնտեսական ընկերությունում, որը զբաղվում է անասնապահությամբ՝ Ավստրալիայի 8 խոշոր ֆերմաներում»։

Նա շեշտում է՝ Ավտրալիան ամենաչոր երկրներից է, սակայն վերջին տարիներին խոնավության աճի հետ մեկտեղ խտացել են նաեւ անտառները եւ այս տարվա չորության եւ ջերմաստիճանի բարձրության պատճառով անտառները այրվում են շատ արագ․ «3 ամիս է անձրեւ չի եկել, իսկ առանց ուժեղ անձրեւների հնարավոր չի լինի կրակը մարել։ Երաշտը սուր ազդեցություն է գործում Ավստրալիայի վրա։ Հիմա վիճակը շատ վատ է, ավելի քան 21 մարդ է մահացել, 1500-ից ավելի տներ այրվել եւ կրակն ընդգրկել է 5,500,000 հեկտար տարածք»։

Արմեն Առաքելյանը նշում է՝ հրդեհների մարման աշխատանքներում ներգրավված այլ հայերի չի հանդիպել, միայն հայերից Հարավային Ուելսի նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանն է զբաղված այդ հարցերով, որն ամեն ինչ անում է մարդկանց աջակցելու համար։ Առաքելյանը նաեւ հավելում է, որ հայկական կուսակցությունները նպատակ ունեն գումար հավաքել եւ նվիրաբերել հրդեհների համար ստեղծված հիմնադրամին։

Հիշեցնենք, որ Ավստրալիայում մի քանի ամիս է՝ շարունակվում են մասշտաբային հրդեհները: Այժմ Նոր Հարավային Ուելսում եւ Վիկտորիայում գրանցվել են հրդեհի ավելի քան 170 օջախներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular