ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանում հայտնել են Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների ուղղությամբ հարվածների 2-րդ ալիքի մեկնարկի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սկսել է Իրաքի տարածքում տեղակայված ամերիկյան երկու ռազմաբազաների, այդ թվում՝ «Այն ալ-Ասադ» ավիաբազայի ուղղությամբ հարվածի երկրորդ ալիքը, հաղորդում է Tasnim գործակալությունը:


«Սկսվել է «Այն ալ-Ասադ»-ի ուղղությամբ իրանական հրթիռային հարվածների երկրորդ ալիքը»,-հայտնել է լրատվամիջոցը:

Իրանական կողմն արձակել է տասնյակ «ցամաք-ցամաք» տեսակի հրթիռներ: Ամերիկացի պաշտոնյաները հաստատել են տեղեկությունը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին զեկուցվել է հարձակման մասին:

Նշվել է նաև, որ ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին կոչ է արել մեծաքանակ զոհերից խուսափելու համար զորքերը դուրս բերել Մերձավոր Արևելքից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել է Իրաքում ամերիկյան ավիաբազային հասցված հրթիռային հարվածի պատասխանատվությունը:

«ԻՀՊԿ-ն հաստատում է Իրաքում «Այն ալ-Ասադ» ամերիկյան ավիաբազային տասնյակ հրթիռներով հարված հասցնելը»,- հայտնել է հեռուստաալիքը Twitter-ում՝ ընդգծելով, որ դա վրեժ է ԱՄՆ-ի զինվորականների կողմից գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:

Իրանական Tasnim գործակալությունը հաղորդում է, որ «Այն ալ-Ասադ» ռազմաբազայի ուղղությամբ արձակվել է ավելի քան 35 հրթիռ: Իրաքի անվտանգության ծառայության աղբյուրը հայտնել է, որ բազային ավելի քան 9 հարված է հասցվել:

ԱՄՆ զինվորականներն «Այն ալ-Ասադ» ռազմաբազայում հարվածի հետևանքով չեն տուժել, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: ԱՄՆ պաշտպանության նախարարի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Ջոնաթան Հոֆմանը հայտարարել է, որ Իրանն Իրաքում ամերիկյան ռազմակայանները հրթիռակոծել է բալիստիկ հրթիռներով:

«Հունվարի 8-ին՝ ժամը 5:30-ի սահմաններում, Իրանն ավելի քան մեկ տասնյակ բալիստիկ հրթիռ է արձակել ԱՄՆ-ի ռազմաբազաների և Իրաքում կոալիցիայի դեմ: Ակնհայտ է, որ այդ հրթիռներն արձակվել են Իրանից, և դրանց նպատակն է եղել առնվազն երկու իրաքյան ռազմակայանի վրա հրթիռային հարձակում իրականացնելը, որտեղ տեղակայված են ԱՄՆ զինված ուժերի և կոալիցիայի անձնակազմը: Մենք աշխատում ենք վնասի նախնական գնահատման ուղղությամբ»,- հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:

Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular