Ճարտարապետների մեծամասնությունը դեմ է Երեւանի կենտրոնում հնագիտական շերտը բացելու Փաշինյանի գաղափարին. Գրիգորյան
ՄՇԱԿՈՒՅԹՃարտարապետների մեծամասնությունը դեմ է Երեւանի Հանրապետության հրապարակում հնագիտական շերտը բացելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղափարին: Այս մասին հունվարի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ա. Թամանյանի անվան Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ Փաշինյանի առաջարկը շատերին է մտահոգել, ինչն, ըստ երեւույթին, կապված է ընդհանուր անվստահության հետ անցյալում իշխանությունների կատարածի հանդեպ, հատկապես մայրաքաղաքի կենտրոնում նախագծերին առնչվող:
«Այս պահին Մշակույթի նախարարությանն առընթեր ստեղծվել է փորձագիտական խումբ, բայց ոչ մի որոշում չկա, կա միայն գաղափարը»,- պարզաբանեց նա՝ հավելելով, որ ավելի նախընտրելի կլինի, եթե հայտարարվի նախագծի միջազգային մրցույթ:
Մարկ Գրիգորյանը շեշտեց, որ այդ գաղափարի իրականացման դեպքում ինքը ե՛ւ աղետալի սցենարներ է տեսնում, ե՛ւ դրական, ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե ամեն ինչ ինչպես է իրականացվելու:
«Ես դեմ չեմ բուն գաղափարին, սակայն ինձ համար կարեւոր է, թե դա ինչպես է իրականացվելու: Գլխավորն այն է, որ քաղաքի ճարտարապետական կերպարը չտուժի»,- նշեց նա:
Գրիգորյանը նշեց, որ աշխատանքն իրականացվելու է շատրվանների դիմացի տարածքում:
«Խոսքը շենքերի նկուղային սենյակների մասին է, որոնք եղել են հրապարակի ներկայիս շենքերի կառուցումից առաջ: Այս նկուղները պատմամշակութային նշանակություն չունեն, սակայն կարող են զբոսաշրջիկներին գրավել»,- պարզաբանեց նա:
Տնօրենը հավելեց, որ նախագծի իրականացմանը կարող են խանգարել ավտոմեքենաները, որոնք կայանում են հրապարակի տարածքում, եւ այս մասին նույնպես պետք է մտածել:
Հիշեցնենք, որ օրերս վարչապետը ներկայացրել էր մայրաքաղաքի գլխավոր հրապարակի տակ հնագիտական աշխատանքների անցկացումը, ինչը, նրա խոսքով, թույլ կտա ավելի շատ զբոսաշրջիկների ներգրավել: