Ռուս զինվորականները 200 լիտր արյուն են հանձնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆnevnov.ru-ն «Մոտ 500 զինծառայող արյուն է հանձնել «Նվիրիր կյանք» միջոցառման շրջանակներում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայի զինծառայողները մասնակցել են «Նվիրիր կյանք» բարեգործական միջոցառմանը և արյուն են հանձնել Գյումրի քաղաքի արյան բանկին։
Դոնոր է դարձել շուրջ 500 զինծառայող, որոնց թվում՝ նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ Հայաստանում գործող դպրոցի բարձր դասարանցիները։ Նշենք, որ այդ միջոցառման շրջանակներում հավաքվել է շուրջ 200 լիտր արյուն։
Ըստ ռուսական ստորաբաժանման հրամանատար գնդապետ Նիկոլայ Մարտինյուկի, այդ միջոցառումը իրականացվում է պարբերաբար և նպատակաուղղված է Հայաստանի բնակչությանը անշահախնդիր օգնություն ցուցաբերելուն։
Ռուսական ռազմաբազայում «Դոնորի օր» առաջին անգամ իրականացվել է 2011 թվականին, և ներկայումս դա դարձել է ավանդական։ Այս տարի դա արդեն 15-րդ միջոցառումն է եղել, և իր ամբողջ պատմության ընթացքում դրան մասնակցել է ավելի քան 5000 ռուս զինծառայող, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները։
Կամո Խաչիկյան