ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն՝ իրար դեմ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՀՀԿ խորհրդին ներկայացնելով վարչապետի նոր թեկնածու Կարեն Կարապետյանին՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ նրա հետ զրույցներում քննարկվել է նաև ՀՀԿ-ին նոր ոգի հաղորդելու հարցը: Ինչ նոր ոգու մասին է խոսքը՝ չի մանրամասնվում:

Մյուս կողմից, սակայն, խոսքն ավելի շուտ կվերաբերի երևի թե ոչ թե նոր ոգուն, այլ ՀՀԿ-ի ներսում նոր դասավորություններին, քանի որ ՀՀԿ-ն ինքնին ոգի չունեցող կուսակցություն է, կամ պարզապես փողն է այդ կուսակցության ոգին՝ փողն ու իշխանությունը. եթե դրանից բացի այլ «ոգի» տրվի ՀՀԿ-ին, ապա ՀՀԿ-ն պարզապես կքանդվի:

Եվ ուրեմն, Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի հետ կա՛մ խոսել է ՀՀԿ-ն վերադասավորելու մասին, կա՛մ ՀՀԿ-ն քանդելու: Երկու դեպքում էլ ինչ-որ բան պետք է քանդվի, մի դեպքում՝ մասամբ, մյուս դեպքում՝ ամբողջությամբ: Չի բացառվում նաև, որ խոսքը ամբողջությամբ, բայց փուլ առ փուլ քանդելու մասին է: Սակայն, իհարկե, ոչ այն պատճառով, որ ՀՀԿ-ն վատն է, այլ որովհետև ՀՀԿ-ն պարզապես սպառել է իրեն, և իր ներկայիս տեսքով ու բնույթով ՀՀԿ-ն ուղղակիորեն ոչ միայն ավելի ու ավելի վատ է կատարում իշխանական վերարտադրության ռազմավարական խնդրից բխող խնդիրները, ավելի ու ավելի անկենսունակ է այդ հարցում, այլև ինքն արդեն դարձել է խնդիրները էապես ավելացնող կառույց:

Այսինքն՝ ՀՀԿ-ն քանդելու ռազմավարական խնդիր է դրված ոչ թե իշխանությունը փոխելու, իշխանության որակները արդիականացնելու, այլ հենց հակառակի համար՝ որ իշխանությունը գտնի մնալու նոր ձևեր, կամ արդեն գտել է, և դրանցով փոխարինի ՀՀԿ-ն: Կհաջողվի՞, թե՞ ոչ: Իհարկե, դժվար է ասել, քանի որ նույն կերպ ՀՀԿ-ում անկասկած առկա է խնդրի գիտակցումը և Հանրապետականն իրեն պահելու համար կարող է գալ իշխանությունից ազատվելու եզրահանգման, առավել ևս, որ Հովիկ Աբրահամյանի հրաժեշտի ելույթում նրբորեն ակնարկվում էր հենց այդ մասին, ակնարկվում էր առկա խնդիրների մասին:

Պարզապես, այժմ դիրքային առավելությունը Սերժ Սարգսյանինն է, քանի որ ՀՀԿ-ի դեմ դուրս գալու հարցում համեմատության մեջ նա առավել համարձակ գտնվեց, քան նրա դեմ դուրս գալու հարցում գտնվեց ՀՀԿ-ն: Ավելի շուտ՝ ՀՀԿ-ն նրա դեմ այդպես էլ դուրս չեկավ, նույնիսկ երբ Ռոբերտ Քոչարյանն էր գրեթե բացահայտորեն նման կոչ-ակնարկներ անում:

Այստեղ, իհարկե, առանցքային նշանակություն ունի հենց այն, որ իշխանությունը, ի տարբերություն ՀՀԿ-ի, առավել կոնկրետ երևույթ է և սուբյեկտ: Ու եթե ՀՀԿ-ին անցնող մոտ երկու տասնամյակի ընթացքում թվում էր, որ ինքն է օգտագործում իշխանությանը՝ այսպիսով 1995 թվականին ընդամենը մասնակի իշխանական մասնակցությունից 2015 թվականին ունենալով բացարձակ իշխանություն, ապա այսօր արդեն պետք է որ պարզ լինի, որ ՀՀԿ-ն օգտագործվել է իշխանության կողմից, և հիմա եկել է պարզապես նրանից հրաժարվելու ժամանակը, կամ գալիս է այդ ժամանակը:

Դա իհարկե կարող է տևել մի քանի տարի, և գուցե նույնիսկ ձգվի մոտ երկու տասնամյակ: Այսինքն՝ այդքան պահանջվեց ՀՀԿ-ի բացարձակ իշխանության համար, գուցե իշխանությունից էլ այդքան պահանջվի ՀՀԿ-ից այդ բացարձակը վերցնելու համար, սակայն լինելու է անխուսափելի գործընթաց, և դա կարող է կասեցվել միայն այն դեպքում, երբ ՀՀԿ-ն դուրս գա իշխանության դեմ: Սակայն դրա պրակտիկ հեռանկարները չեն նշմարվում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular