Դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի կողմից իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ ընթացող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների «Մարտի 1-ի» ամբողջական նյութերի տրամադրման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննության ժամանակ հունվարի 31-ին Ռ. Քոչարյանի պաշտպանական թիմը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:
Պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը ներկայացրեց մի շարք կետեր, որոնք, ըստ իրեն, հաստատում են դատավոր Դանիելյանի ինքնաբացարկի անհրաժեշտությունը:
«Դուք արել եք այն, ինչ Հայաստանի իրավական համակարգի պրակտիկայում տեղ չէր ունեցել, զրկեցիք պաշտպանական կողմին դիրքորոշում արտահայտելու հնարավորությունից այն դեպքում, երբ խոսքը հենց վերաբերում էր պաշտպանական կողմին, նույնիսկ ձեզ հետաքրքիր էլ չէր պաշտպանական կողմի դիրքորոշումը»,-ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացնելիս ասաց պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը:
Հովհաննես Խուդոյանի կարծիքով էլ` այն դատարանը, որի գործողություններն արդեն իսկ բացահայտ կերպով ցուցադրել են հակակրանքը, չի կարող անաչառ քննություն իրականացնել Ռոբերտ Քոչարյանի իրավախախտմանը վերաբերող գործի քննության ընթացքում:
«Մենք գործ ունենք մի բողոքի հետ, որը ոչ միայն խիստ վերաբերում է իմ վստահորդի շահերին, նաև ներկայացնում է ընդհանուր հանրային շահ: Խոսում ենք մի բողոքի մասին, որի շրջանակներում պարզ է դառնալու՝ արդյոք Հայաստանն ի դեմս դատախազության, Հատուկ քննչական ծառայության, դատարանների, շահագրգռված է «Մարտի 1»-ով իրականացնել ամբողջական և բազմակողմանի քննություն, թե այդ քննությունը պետք է ուղղորդված լինի»,- հայտարարեց Խուդոյանը:
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ ներկայացված ինքնաբացարկի միջնորդության մեջ որևէ հիմք, որոնք նախատեսված կլինեն Քրեական դատավարության և Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով, չի տեսնում, հետաևաբար առարկում է դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության դեմ:
Դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ միջնորդության կապակցությամբ դատական ակտ կայացնելու:
Եվ ահա այսօր դատարանը պետք է հրապարակի ինքնաբացարկի վերաբերյալ դատական ակտը:
Դատական նիստը սկսվեց ժամը 10:00-ին, և դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը: