ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ պատգամա­վորի ձեռքերով Փաշինյանը փորձում է «տաք շագանակներ» հանել կրակից՝ չայրե­լով ձեռքերը

ԻՐԱՎՈՒՆՔ

«168 ժամ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, որը մինչեւ պատգամավոր դառնալը Նիկոլ Փաշինյանին պատկանող օրաթերթի լրագրող էր, նախաձեռնել է փոփոխություններ «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում, որոնցով նախատեսվում է (առանց չափազանցության) վերջ դնել երկրում սահմանադրական կարգին։

Ըստ նախագծի՝ Սահմանադրության փո­փոխությունները կարող են հանրաքվեի դր­վել առանց Սահմանադրական դատարանի նախնական որոշման, այսինքն՝ Ազգային ժո­ղովի իշխող խմբակցության ձայներով, բացի այդ, որպեսզի հանրապետության նախագա­հը չկարողանա ներազդել այդ ճանապարհով սահմանադրական փոփոխությունների կա­տարմանը, օրենքներից հանում են նրա լիա­զորությունը՝ ստորագրելու Սահմանադրու­թյան մեջ կատարված փոփոխությունները։ Այսինքն՝ պետության գլուխը նույնիսկ ձեւական առումով իրավասու չի լինելու ստո­րագրել Սահմանադրության փոփոխություն­ները։

Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատա­րանը մինչեւ Սահմանադրության փոփոխու­թյունների նախագծի, ինչպես նաեւ հանրաք­վեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը պետք է որոշի Սահմանադրու­թյանը դրանց համապատասխանությունը։

Սահմանադրությամբ կարգավորվում է նաեւ Սահմանադրական դատարան դիմելու կար­գը։ Ըստ այդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմա­նադրության փոփոխությունների նախագծի հարցով Սահմանադրական դատարան դիմելը պարտադիր է Ազգային ժողովի համար։ Սահմանադրական դատարան դիմելու Ազգային ժողովի պարտականությունը վերաբե­րում է նաեւ այն դեպքերին, երբ խոսքը վերպետական միջազգային կազմակերպություննե­րին ՀՀ անդամակցության նամ ՀՀ տարածքի փոփոխության մասին է։

Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մասում ուղիղ սահմանվում է, որ Սահմանադրական դատարանի գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ կամ Սահմանադրական դատարանի մասին օրեն­քով, իսկ Սահմանադրության 169-րդ հոդվածում սահմանվում է Սահմանադրական դա­տարան դիմելու կարգը, եւ միայն ՍԴ դիմելու մանրամասները, համաձայն Սահմանադրու­թյան 169-րդ հոդվածի 6-րդ մասի, սահման­վում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով։ Սահմանադրության 169-րդ հոդվածում նշված է նաեւ Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմե­լու իրավունքի, այլ ոչ թե պարտականության մասին, բայց դա չի վերաբերում Սահմանադրության փոփոխություններին։

Հետեւաբար, ԱԺ ոչ իրավաբան պատգամա­վորի ձեռքերով Նիկոլ Փաշինյանը փորձում է «տաք շագանակներ» հանել կրակից՝ չայրե­լով ձեռքերը։ Ակնհայտ է, որ այս փոփոխու­թյունների նպատակը մեկն է՝ շրջանցելով Սահմանադրական դատարանը, ներխուժել Սահմանադրության անցումային դրույթներ եւ կարգավորել ՍԴ գործող յոթ դատավորների հարցը, հետո էլ, եթե դա ստացվի, փորձել այլ փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ՝ առանց Սահմանադրական դատա­րանի։

Նախ՝ Սահմանադրության փոփոխություն­ներն առանց Սահմանադրական դատարա­նի, նշանակում է՝ Սահմանադրական դատա­րանի լիազորության յուրացում, որով դատա­րանը պետք է որոշի ցանկացած փոփոխու­թյան համապատասխանությունը Սահմա­նադրությանը։

Երկրորդ՝ Ազգային ժողովը ստանում է լիա­զորություն ցանկացած՝ Սահմանադրության մյուս հոդվածների բովանդակությանը հակա­սող փոփոխություններ կատարել Սահմա­նադրության մեջ, քանի որ ինքը յուրացրած կլինի ՍԴ լիազորությունը։

Երրորդ՝ սա էլ իր հերթին կնշանակի, որ Սահմանադրության փոփոխությունների հարցում վերանալու է իշխանությունների բաժանման սկզբունքի գործողությունը, այ­սինքն՝ տապալվելու է սահմանադրական կարգը։

Չորրորդ՝ ստացվում է, որ միջամտելով Սահմանադրության 213-րդ հոդվածը եւ կա­մայական որոշմամբ կարող են այդ հոդվա­ծում ամրագրել, որ, օրինակ, Սահմանադրա­կան դատարանում պաշտոնավարումը շա­րունակող ՍԴ անդամների, որոնք ընտրվել են մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ը, լիազորու­թյունները դադարեցվում է, կամ նրանք հար­կադրաբար ուղարկվում են թոշակի։

Մասնագիտական շրջանակներում կաս­կած չկա, որ այս անհեթեթ նախաձեռնության ամբողջ իմաստն առանց սահմանադրական բարեփոխումների իմաստավորման, առանց հայեցակարգի, առանց հանձնաժողովի, ձեւական օրենքներով, բայց փաստացի բիրտ հակասահմանադրական եղանակով, ինչպես նաեւ Սահմանադրությամբ չնախա­տեսված եղանակով տիրանալով Սահմա­նադրական դատարանի լիազորություններից մեկին՝ փոխելն է Սահմանադրական դա­տարանի կազմը»:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular