ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ուչաստկովիի մակարդակի» հարստացումը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

1in.am-ը գրում է.

Կառավարությունը օրենսդրական նախագիծ է ներկայացրել խորհրդարան, որը, այսպես կոչված, հակակոռուպցիոն պայքարի տրամաբանության մեջ է և ենթադրում է քրեականացնել ապօրինի հարստացումը: Թե որքանով է ինքնին տրամաբանական ապօրինի հարստացման քրեականացումը՝ թողնում ենք ընթերցողի դատին: Փաստորեն ստացվում է, որ մինչև այժմ Հայաստանում ապօրինի հարստացումը եղել է «օրինակա՞ն»:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նախաձեռնության վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է, որ այն ենթադրում է այնպիսի մեխանիզմներ, որոնք պաշտոնյաներին թույլ չեն տա իրենց հարստությունն, այսպես ասած, ծածկել հարազատների և բարեկամների, նվերների և փոխառությունների ներքո: Նախատեսվում է ստեղծել նաև հակակոռուպցիոն մարմին:

Այսպիսով, ըստ էության, պարզ է դառնում, որ խոսքը ոչ թե ապօրինի հարստացումը կանխելն է, այլ ըստ էության ապօրինի հարստացումը, այսպես ասած, խճճելը: Այլ կերպ ասած՝ «պրիմիտիվից» ավելի բարդ դարձնելը, սակայն ոչ թե ապօրինի հարստացողների, այլ այդ հարստությունը մատնացույց անողների համար: Եվ երևի թե հենց սրա համար էլ տեղի է ունենում կառավարության փոփոխությունը, որովհետև իշխանության մտադրությունը մատնանշվել էր դեռևս վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման շրջանում, դեռևս ապրիլյան պատերազմից հետո, երբ ի պատասխան Մոնումենտի տան և բանակի կարիքների վերաբերյալ հարցերին՝ Աբրահամյանը պատասխանեց, թե պետք է զանազանել օրինական և ապօրինի ճանապարհներով ձեռք բերված հարստությունները:

Այսինքն՝ իշխանությունն իր կապիտալի, այսպես ասած, տեսակավորման ռազմավարական խնդիրը ձևակերպել էր դեռևս ապրիլյան պատերազմից հետո՝ հասարակական արձագանքներից հետո անելով, այսպես ասած, անհրաժեշտ հետևություններն իր համար: Պարզապես երևի թե այդ խնդիրը բավականին բարդ էր Հովիկ Աբրահամյանի կառավարության ինտելեկտուալ կարողությունների համար, և այժմ «պրիմիտիվ» սխեմաները խճճելու ռազմավարական խնդրի լուծումը կդրվի նոր, այսպես ասած՝ տեխնոկրատական կառավարության վրա:

Տեխնոկրատների խնդիրը, ըստ երևույթին, լինելու է հենց սա, քանի որ իրականում Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրը հիմնավորապես լուծելու համար քաղաքական կամք է պահանջվում, ոչ թե տեխնոկրատիզմ:

Այսպիսով, Հայաստանի իշխանության ռազմավարությունը ոչ թե կոռուպցիան հաղթահարելն է, այլ հնարավորինս լավ թաքցնելը, այնպես թաքցնելը, որ ոչ ոք չգտնի: Հակառակ դեպքում ապօրինի հարստությունը ոչ թե քրեականացնել է պետք, այլ ընդամենը պետք է բացահայտել, ինչի համար պետությունն ունի իրավապահ մարմիններ, և արհեստավարժները անհրաժեշտ են հենց այդ մարմիններում, այսպես ասած՝ «պրիմիտիվ» կամ «ուչաստկովիի մակարդակի» գողությունները բացահայտելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular