ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռաբիս երգչուհի Վարդուշը Քուվեյթում բարձր վարձատրվող աշխատանքի խոստումով «քցել» է հինգ քաղաքացու

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ավարտվեց Վարդուշ Խաչատրյանի գործի դատական քննությունը:

1949 թվականի սեպտեմբերին ծնված Վարդուշը օրերս է բոլորել 65 տարին: Նա կալանքի տակ է մոտ մեկ տարի՝ 2015 թվականի նոյեմբերի 22-ից:

Սակայն Վարդուշը մինչ այդ վեց տարի՝ 2009 թվականից գտնվել է… հետախուզման մեջ:

Հետաքրքիրն այն է, որ Վարդուշը Հայաստանից չէր հեռացել ու օտար ափերում չէր թաքնվել մեր իրավապահներից: Նա գտնվել է Երևանում, միայն թե չի բնակվել այն հասցեում, որտեղ հաշվառված է, կեղծամներ է օգտագործել ու այդպիսով «անճանաչելի» է մնացել մինչև 2015 թվականի նոյեմբերը:

Վարդուշ Խաչատրյանը ժամանակին ռաբիզ երգչուհի է եղել, լավ կյանք է արել՝ ըստ տեղեկությունների:

Այն ծերացած, մի բուռ դարձած Վարդուշ Խաչատրյանը, որ խեղճ-խեղճ նստած էր դատարանում, սրտային հիվանդին բնորոշ ուժգին հևոցով շնչում էր ու դողում՝ հիվանդության ու դատավճռի հրապարակմանն անհանգիստ սպասելու պատճառով, ժամանակին բոլորովին այլ արտաքին ու այլ եռանդ է ունեցել: Հետն էլ այնպիսի «հմայք» է ունեցել ու մարդկանց համոզելու այնպիսի կարողություն, որ հինգ մարդու՝ երեք կնոջ ու երկու տղամարդու կարողացել է վստահեցնել, թե ինքն իր կապերի ու ծանոթների միջոցով կարող է նրանց բարձր վարձատրվող աշխատանքի տեղավորել ոչ ավել, ոչ պակաս՝ հենց Քուվեյթում:

Մարդիկ հավատացել են ու Քուվեյթում, օրինակ՝ շատ բարձր աշխատավարձով ուսուցիչ աշխատելու հույսով Վարդուշին են տվել հազարավոր դոլարներ:

Հինգ տուժողից Վարդուշ Խաչատրյանը խարդախությամբ հափշտակել է ընդհանուրը՝ 9500 դոլար:

Մինչ տուժողները պահանջվող գումարները տալուց հետո ճամպրուկային տրամադրության մեջ էին, Վարդուշը նրանց փողերով անհետացել է տեսադաշտից:

Իսկ երբ տուժողները հասկացել են, որ խաբվել են ու բողոքել են իրավապահաներին, վերջիններս չեն կարողացել վեց տարի շարունակ հայտնաբերել Երևանում կեղծամներով շրջող փոքրիկ մի կնոջ՝ նախկին երգչուհի Վարդուշ Խաչատրյանին:

Նախաքննական մարմինը Վարդուշին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Վարդուշ Խաչատրյանը հայտնաբերվելուց ու կալանքի տակ առնվելուց հետո տուժողներին պատճառած վնասները չի հատուցել: Նա իր անունով ոչինչ չունի, ընտանիք էլ չունի՝ ամուսնացած չի եղել: Նրա դատին ոչ մի հարազատ ներկա չէր:

Վարդուշի գործողություններից տուժած հինգ քաղաքացիները պահանջում են իրենց կրած նյութական վնասների հատուցումը, բայց Վարդուշը, փաստորեն, ոչինչ չունի՝ բացի մի շարք հիվանդություններից, կրած ինֆարկտից ու անցյալի վառ հիշողություններից:

Վարդուշ Խաչատրյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար, նրա միջնորդությամբ գործը քննվեց արագացված ընթացակարգով:

Մեղադրող Տ. Պողոսյանը միջնորդեց Վարդուշ Խաչատրյանին մեղավոր ճանաչել ու դատապարտել 5 տարի ազատազրկման:

Վարդուշ Խաչատրյանի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Լ. Գասպարյանը թվարկեց իր պաշտպանյալի բազմաթիվ հիվանդությունները՝ նա սրտային անբավարարություն ունի՝ երրորդ աստիճանի, սրտամկանի ինֆարկտ է տարել և այլն, միջնորդեց վատառողջությունը հաշվի առնելով՝ Վարդուշ Խաչատրյանի նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 64 հոդվածը՝ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել օրենքով սահմանված նվազագույն պատժից ավելի մեղմ պատիժ:

Վարդուշ Խաչատրյանը, որ ամբողջ նիստի ընթացքում հևում էր, դժվարությամբ արտաբերեց. «Մեղավոր եմ: Ներեք ինձ»: Նույնը նա կրկնեց՝ որպես վերջին խոսք:

Երբ դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ, շտապօգնություն կանչվեց դատարան, ու բուժօգնություն ցուցաբերվեց ամբաստանյալին:

Հետո նա ուղեկցողին հենված, մանրիկ քայլերով վերադարձավ դահլիճ: Դատավճիռը լսեց նստած՝ շարունակելով աղմուկով հևալ ու դողդողալ:

Դատարանը Վարդուշ Խաչատրյանին մեղավոր ճանաչեց խարդախության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ու դատապարտեց 4 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2015 թվականի նոյեմբերի 22-ից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular