ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրեցի մուրացկանը Հայաստան է ներմուծել 17մլն դրամի ապրանք

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն մի ուշագրավ հաղորդագրություն է տարածել, ըստ որի` Գյումրի քաղաքի բնակիչ, ֆիզիկական անձ Կ.Ս.-ի անունով այս տարվա մայիս-հունիս ամիսներին Ռուսաստանից Հայաստան են ներմուծվել ավելի քան 17 միլիոն դրամ ընդհանուր արժեքով շուրջ 40 տոննա տարատեսակ ապրանքներ՝ դդում, կիվի, եգիպտացորեն, կարտոֆիլ, բանան, ցորեն, կիտրոն, թուրինջ և արևածաղիկ:

«Ստանալով համապատասխան տեղեկատվությունը՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 22-րդ բաժնի կողմից ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Կ.Ս.-ի ինքնությունը պարզելու և ՀՀ տարածք ներկրված ապրանքների բեռնաթափման և տեղակայման վայրերը ճշտելու նպատակով: Ձեռնարկված քայլերի արդյունքում Կ.Ս.-ն հայտնաբերվել է:

Պարզվել է, որ Գյումրի քաղաքի «Յոթ Վերք» եկեղեցու շրջակայքում մուրացկանությամբ զբաղվող Կ.Ս.-ն 2016 թ. մարտին կորցրել է անձնագիրը, որը հետագայում հեռուստաընկերություններից մեկի միջոցով գտնվել և վերադարձվել է իրեն», - փոխանցում է ՊԵԿ-ը՝ ընդգծելով․ - «Քաղաքացու կողմից նշված խմբաքանակով ապրանքների ներկրման անհնարինությունը տեսանելի էր թե՛ սոցիալական ծանր պայմաններում ապրելու, թե՛ ՀՀ տարածքը լքած չլինելու անհերքելի փաստերով»:

Այն, որ Գյումրիում մուրացկանների «որջ» է համարվում «Յոթ Վերք» եկեղեցու շրջակայքը, գյումրեցիների համար գաղտնիք չէ, շատերն անգամ հրաժարվում են պսակադրությունները մարզի առաջնորդանիստում անցկացնել մուրացիկների անհամ պահվածքների պատճառով: «Յոթ Վերք» -ի բակում մեր փնտրտունքներն անձնագիրը կորցրած մուրացիկի` ապարդյուն անցան: Մուրացկաններից մեկի խոսքերով` Կարոն միշտ չէ որ «գործի է գալիս»: «Ձեռն օր փարա ընգավ, մե քանիմ օր չեք տեսնի, խմելու կերթա»,- ասաց նա: Կարոյի «գործընկերը» նույնպես վկայեց, որ արդեն մի քանի տարի է` ինչ նրան ճանաչում է, երկրից երբեք դուրս չի եկել: «Տո էդիկ ըսկի Երևան գնացած չկա, մնաց Ռուսաստան»,-հեգնանքով ավելացրեց նա:

Նշենք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 188 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «ապօրինի ձեռնարկատիրություն, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով»: Կատարվում է նախաքննություն:

Արևիկ Հակոբյան, Գյումրի

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular