ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիքը հասավ ՀՀԿ-ին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարել է, որ նոյեմբերին սպասվող կուսակցական համագումարի ընթացքում կարող է լինել կուսակցության ղեկավար կազմի փոփոխություն: Թե ինչ են ենթադրում այդ փոփոխությունները, ՀՀԿ խոսնակը չի ասել:

Սակայն, ամենայն հավանականությամբ այդ փոփոխությունները նշանավորելու են այն ուղենիշները, որոնք առկա էին սեպտեմբերի 8-ին Սերժ Սարգսյանի ելույթում, երբ նոր վարչապետին ներկայացնելով ՀՀԿ-ին, նա հայտարարեց նաև, որ նրա հետ քննարկել է նաև կուսակցությանը նոր ոգի հաղորդելու հարցը: Ով կամ ովքեր են հեռանալու կուսակցության ղեկավար կազմից և ովքեր են անդամակցելու ղեկավար կազմին: Կարեն Կարապետյանը կդառնա՞ ՀՀԿ ղեկավար կազմի անդամ, թե ոչ:

Ըստ էության, այն, ինչ հայտարարել էր Սերժ Սարգսյանը սեպտեմբերի ութին, անխուսափելի է դարձնում Կարեն Կարապետյանի անդամակցումը ՀՀԿ-ին: Կարապետյանը չի կարող նոր ոգի տալ մի կուսակցության, որի անդամը չէ: Նոր ոգի տալու համար, ինչպես հայտարարել էր Սերժ Սարգսյանը, նա պետք է անդամակցի, դառնա ՀՀԿ անդամ:

Այս առումով հարցը այն է, թե արդյո՞ք Կարապետյանի հետ միասին ՀՀԿ անդամ են դառնալու նաև այն նախարարները, որոնք եկել են որպես նրա թիմ, որոնք այսօր տեխնոկրատներ են: Թե՞ Կարապետյանի թիմը ձևավորվելու է ՀՀԿ-ի ներսում վերադասավորումների արդյունքում, իսկ տեխնոկրատները շարունակելու են իրենց զուտ մենեջերական գործունեությունը:

Մյուս կողմից հետաքրքրական է, թե ինչ է լինելու նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և կառավարությունից հեռացած նախկին նախարարների, մասնավորապես՝ Գագիկ Բեգլարյանի հետ, որոնք ևս ՀՀԿ ղեկավար կազմի անդամ են: Մամուլում տեղեկություններ են եղել, որ Բեգլարյանը կարող է և դուրս մնալ ՀՀԿ գործկոմի կազմից: Միևնույն ժամանակ, սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Բեգլարյանը նեղացած չեն և կընդգրկվեն ՀՀԿ քաղաքական պրոցեսների մեջ: Սակայն պարզ չէ, թե ինչ կարգավիճակով:

Այսպիսով, մի բան ակնհայտ է, որ կառավարության վերադասավորումները կամ կառավարությամբ սկսված վերադասավորումներն արդեն տեղափոխվում են ՀՀԿ, և նոյեմբերին արդեն կարտահայտվեն կուսակցության ղեկավար կազմում վերադասավորումների տեսքով: Տվյալ պարագայում խնդիրն այն է, թե ինչ իրավիճակի պետք է հանգեցնեն դրանք՝ ՀՀԿ-ում կձևավորվի նոր կառավարության երաշխավորված քաղաքական հենարանը, թե՞ ՀՀԿ-ում կձևավորվի նոր կառավարության ըստ էության ոչ առերևույյթ, սակայն ամենաէական ընդդիմությունը:

ՀՀԿ-ում ստատուս-քվոն հաստատ կփոխվի, խնդիրն այն է, թե ում օգտին՝ Հովիկ Աբրահամյանին կհաջողվի՞ ՀՀԿ-ում հետ բերել կառավարությունում կորցրածը, թե՞ նա կշարունակի կորցնել նաև ՀՀԿ-ում:

Այս դեպքում, Հովիկ Աբրահամյանն անշուշտ խորհրդանշում է ներիշխանական համակարգային մի ողջ սեգմենտ, այդ թվում իհարկե ՀՀԿ-ի շրջանակներից դուրս, ինչը նշանակում է, որ դա արդեն կլինի ընդհանրապես ներհամակարգային ստատուս-քվոյի փոփոխության դրսևորում: Այսպես թե այնպես, ակնհայտ էր, որ գլխավոր ճակատամարտի վայրը լինելու է ՀՀԿ-ն և կառավարությունն ընդամենը «նախավարժանքն» էր:

Իսկ ՀՀԿ-ում «բլից-կրիգի» հավանականությունն իհարկե փոքր է, այլապես Սերժ Սարգսյանը կսկսեր ոչ թե կառավարությունից, այլ ինչպես ինքն էր դեռևս Տիգրան Սարգսյանին հորդորում՝ խնդիրը «գլխից կբռներ», այսինքն՝ ՀՀԿ-ից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular