ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


6 զինծառայողով 10 րոպե ծեծել են հրամանատարին. խճճված քրեական գործ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Armtimes.com-ը գրում է․

Չորս սպայի ցուցմունքների հիման վրա 6 պարտադիր ժամկետային զինծառայող կարող է ազատազրկվել մինչեւ 8 տարի ժամկետով:

Այս մասին ահազանգում են զինծառայողների պաշտպանները: 2016 թվականի մայիսի 16-ին Սյունիքի մարզի ՀՀ ՊՆ N զորամասերից մեկում զինծառայողներից մեկի ծննդյան օրվա միջադեպը վեր է ածվել մի կաթիլ մեղրի պատմության:

Պարտադիր ժամկետային զինծառայողներ Յուրի Հովհաննիսյանին, Արման Միքայելյանին, Վազգեն Մխեյանին, Արսեն Հակոբյանին, Հարություն Ասատրյանին եւ Հակոբ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայողներ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ծեծել են իրենց նկատմամբ պետ հանդիսացող կապիտան Կարեն Խաչատրյանին:

Այսպես՝ ծննդյան տոնը նշելու ժամանակ, ըստ նախաքննական մարմնի` տղաները ալկոհոլ են օգտագործել, ինչի մասին հրամանատար Խաչատրյանը զեկուցել է զորամասի հրամանատարությանը, տեղի է ունեցել ընդհարում զինծառայողների ու Կարեն Խաչատրյանի միջեւ:

Մեր զրույցում Արման Միքայելյանի եւ Հարություն Ասատրյանի պաշտպան Մարիամ Մկրտչյանը պատմեց, որ վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ հրամանատար Կարեն Խաչատրյանը շարքում սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել զինծառայողներից մեկի հասցեին:

«Ըստ նախաքննական մարմնի, վեց զինծառայողները 10 րոպե բոլորի աչքի առաջ ծեծի են ենթարկել Կարեն Խաչատրյանին: Սակայն իրականությունն այլ է եղել, նրա վնասվածքներն ավելին պետք է լինեին, եթե այդպես լիներ, բայց նա ստացել է ընդամենը մեկ աչքի կապտուկ:

Իսկ իմ պաշտպանյալ Արման Միքայելյանն ավելի շատ վնասվածք է ստացել. նրա մոտ արձանագրվել է քթի կոտրվածք, կրծքավանդակի սալջարդ, որը դատաբժիշկը գնահատել է թեթեւ ծանրության մարմնական վնասվածք, իսկ հրամանատարինը՝ ոչ թեթեւ մարմնական վնասվածքի հատկանիշներ չպարունակող: Իմ պաշտպանյալը 10 օր շարունակ հոսպիտալում է գտնվել, բայց «տուժած» հրամանատարը ոչ մի օր չի գտնվել հոսպիտալում»,- ասաց պաշտպանը:

Մեր հարցին, թե տուժած հրամանատա՞րն է ծեծել Արման Միքայելյանին, Մարիամ Մկրտչյանը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, քանի որ նախաքննական մարմինը նրա գործողությունները որակել է որպես անհրաժեշտ պաշտպանություն. «Դա չի կարող որակվել անհրաժեշտ պաշտպանություն, որովհետեւ Արման Միքայելյանի վնասվածքները եղել են ոչ թե մեկ, այլ մի քանի հատ: Դա որակել որպես պաշտպանություն՝ արդեն իսկ ծիծաղելի է: Քանի որ հրամանատարությունը ներկա է եղել միջադեպին, սպայի մեղքը բարդել են զինվորների վրա, որովհետեւ հակառակ դեպքում հենց միայն Արմանի վնասվածքներից ելնելով՝ պետք է Կարեն Խաչատրյանը պատասխանատվության ենթարկվեր:

Դեպքին ներկա են եղել ջոկի պատասխանատուները, գումարտակի հրամանատարը, ուստի անհնար էր, որ 10 րոպե տղաները ծեծեին նրան ու ոչ ոք չմիջամտեր»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա ասաց, որ իր պաշտպանյալները նախաքննության ընթացքում հրաժարվել են ցուցմունք տալ, սակայն դա չի խանգարել քննիչին առերեսում կատարել մեղադրյալների ու Կարեն Խաչատրյանի միջեւ: «Տուժողը վերացական ցուցմունքներ է տվել, մեկ ասել է, որ չի հիշում դեպքը, մեկ ասել է, որ ցավ չի զգացել, այսինքն՝ կոնկրետ չի պնդել՝ իմ պաշտպանյալներն իրեն հարվածել են, թե՝ ոչ»,- ասաց պաշտպանը:

Գործով մյուս մեղադրյալ Վազգեն Մխեյանը նույնպես չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Նրա պաշտպան Նորայր Նորիկյանը մեր զրույցում ասաց, որ Կարեն Խաչատրյանի այն պնդումները, թե տղաները ծննդյան տոնի ժամանակ ալկոհոլ են օգտագործել, իրականությանը չի համապատասխանում, եւ դա փաստել է նաեւ դատաքիմիական փորձաքննությունը:

«Պատկերացնո՞ւմ եք՝ վեց հոգով 10 րոպեում մեկ հոգու ծեծեն, այդ մարդու վրա ոչ մի նորմալ տեղ չէր մնա: Իմ պաշտպանյալը դրա հետ ոչ մի առնչություն չունի:

Զգացվում է, որ սպաներն անձնական վրեժխնդրություն են լուծել այս վեց զինծառայողի նկատմամբ եւ իրենց տված ցուցմունքներով հասել են նրան, որ այս զինծառայողներն այսօր հայտնվել են ճաղերի հետեւում»,- պնդեց Նորիկյանը: Ըստ նրա՝ քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իրավասու մարմինների կողմից առանձնակի ջանասիրություն է ցուցաբերվել 6 շարքային զինծառայողին ծանր հանցագործության մեջ մեղադրելու եւ երկար տարիներով ազատազրկման դատապարտելու համար:

Բացի այդ, Ռազմական ոստիկանությունը դրական բնութագիր է տվել զինծառայողների վերաբերյալ, իսկ զորամասի հրամանատարական կազմը՝ բացասական: «Որոշել են երեխեքից վրեժխնդիր լինել»,- նկատեց փաստաբան Նորիկյանը՝ հավելելով, որ ժամկետային զինծառայողների դեմ ցուցմունքներ են տվել բացառապես սպայական կազմից՝ վաշտի, գումարտակի եւ դասակի հրամանատարները: Մեր հարցին, թե վեց զինծառայողը նախկինում կոնֆլիկտ ունեցե՞լ են Կարեն Խաչատրյանի հետ, պաշտպանն ասաց, որ նման տեղեկատվության չի տիրապետում, եւ բացի դա՝ գործի նյութերում էլ չի երեւում:

Այսպիսով՝ 6 զինծառայողի սպառնում է նվազագույնը՝ 4, իսկ առավելագույնը՝ մինչեւ 8 տարվա ազատազրկում: Քրեական գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան (Գորիսի նստավայր), եւ հոկտեմբերի 5-ին դատավոր Դավիթ Սարգսյանի նախագահությամբ կկայանա առաջին դատական նիստը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular