ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետը կհնչեցնի՞ «նախկին իշխանություններից գումարներ վերցրած լրատվական դաշտի ներկայացուցիչների» անունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, թե լրատվական դաշտի զգալի մասը նախկինում գումարներ է վերցրել իշխանություններից: Արդյոք Փաշինյանը պատրաստվո՞ւմ է հնչեցնել 99% ԶԼՄ-ների և 70% լրագրողների անունները, որոնք, ըստ նրա հայտարարության, նախկինում գումարներ են վերցրել իշխանություններից, կա՞ն փաստեր և հնարավո՞ր է դրանք վերհանվեն ու տեղափոխվեն իրավական դաշտ՝ այս և այլ հարցերի պատասխանները ստանալու համար ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի հետ: «Վարչապետը, եթե հարկ համարի տալ կոնկրետ անուններ, ապա վստահ եղեք, որ դա կանի: Վարչապետի հայտարարությանը ավելացնելու որևէ բան չկա», - ասաց Մանե Գևորգյանը: Դիտարկմանը, թե հենց դա էլ ուզում ենք ճշտել՝ հարկ կհամարի՞, թե՞ ոչ՝ մամուլի քարտուղարը չեզոք պատասխան տվեց. «Եթե և երբ հարկ կհամարի, կիմանանք»: Հետաքրքրվեցինք նաև՝ լինելով ոլորտի ներկայացուցիչներից մեկը, ով աշխատել է տարբեր լրատվամիջոցներում, արդյոք կիսո՞ւմ է վարչապետի կարծիքը՝ ի պատասխան Մանե Գևորգյանն ասաց, որ իր անձնական տեսակետն այժմ չի պատրաստվում բարձրաձայնել: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով լրատվական դաշտի ներկայացուցիչներին, այսպես էր բնորոշել. «Լրատվական դաշտն այժմ կատաղած է, քանի որ նախկինում 99%-ն իշխանությունից փող էր ստանում, իսկ այժմ՝ ոչ: Լրատվական դաշտն ինչպե՞ս է կառավարվել: Լրատվամիջոցների 99%-ը և լրագրողների 70%-ն իշխանություններից փող են ստացել: Այդպես է կառավարվել, իսկ հիմա չի ստանում այդ փողը, և ամբողջ լրատվական դաշտը կատաղած է, որ հիմա փող չի ստանում: Ուրիշ տեղերից էլ, որ ստանում են, վախվխելով են ստանում՝ կարո՞ղ է ինչ-որ տեղ, ինչ-որ բան բացահայտվի, խայտառակ լինեն»,- նշել էր Փաշինյանը: Վարչապետի հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների վրդովմունքն է առաջացրել, քանի որ նա, լինելով լրատվական դաշտի ներկայացուցիչ, ով երկար տարիներ աշխատել է որպես լրագրող, խմբագիր, թիրախավորելով ԶԼՄ ներկայացուցիչներին` փորձում է հեղինակազրկել լրագրողի մասնագիտությունը:

 

Սոնա Հարությունյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular