Ինչո՞ւ է վաճառքի հանվել Արմեն Աշոտյանի թանկարժեք նվերը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸarmlur.am-ը գրում է.
Ինչպես հայտնի է՝ Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը լքելուց հետո սույն գերատեսչությունում ոչ միայն կառուցվածքային, այլեւ տեխնիկական փոփոխություններ եղան:
Նշանակումից մի քանի օր անց նախարար Լեւոն Մկրտչյանը հայտարարեց, որ հրաժարվել է ժամանակին Արմեն Աշոտյանին, ըստ էության, նվիրված «Volksvagen touareg» մակնիշի ավտոմեքենայից եւ երթեւեկում է համեմատաբար էժան «Toyota camry»-ով: Նախ հիշեցնենք, որ 2009 թվականին, երբ Ա. Աշոտյանը նոր էր ստացել կրթության եւ գիտության նախարարի պորտֆելը, ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը նրան նվեր մատուցեց՝ ջիփ տեսակի թանկարժեք մեքենա:
Մամուլը գրեց, որ այդ «Volksvagen»-ն արժի 70 հազար դոլար: Իսկ կատարվածում կոռուպցիոն ռիսկեր տեսնողներին Արմեն Աշոտյանը շտապեց հակադարձել՝ ասելով. «Մեքենան ձեռք է բերվել ո՛չ պետական միջոցների, ո՛չ պետբյուջեի հաշվին:
Այն ձեռք է բերել «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն, որի գործերն ընթանում են այնքան հաջողությամբ ու այնքան լավ, որ ունի շահույթ, եւ իր շահույթից գնել է այդ մեքենան եւ նվիրել կրթության եւ գիտության նախարարությանը. դա ոչ մեկի սեփականությունը չէ, դա պետական է»: Դաշնակցական նախարար Լեւոն Մկրտչյանն այս տարվա մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, ասել էր, որ գերատեսչության ղեկավարների ծառայողական մեքենաների մակնիշները սահմանված են օրենսդրությամբ: «Այն ավտոմեքենան, որը տրամադրված էր պարոն Աշոտյանին, մենք կպահենք նախարարության տրամադրության տակ, եւ դա երեւի մեկ այլ պաշտոնյայի կսպասարկի, իսկ «Toyota camry» տիպի մեքենան, որը նախատեսված է նախարարների համար եւ որը արդեն կա կրթության եւ գիտության նախարարությունում, ես կվերցնեմ որպես իմ ծառայողական մեքենա:
Այս «Toyota camry»-ից նախկին աշխատակազմի ղեկավարն է օգտվել, համարանիշը դեռ աշխատակազմինն է, սպասում ենք իրավաբանորեն ձեւակերպումներ անենք, որպեսզի վերադարձվի նախարարին»: Պարզվում է՝ Արմեն Աշոտյանին սպասարկած ավտոմեքենան ոչ թե բաժին ընկավ մեկ այլ պաշտոնյայի, այլ հանվեց աճուրդի:
Այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկությունների համաձայն՝ 2009 թվականի արտադրության «Volksvagen touareg» մակնիշի ավտոմեքենան վաճառվում է բավականին էժան` 9 միլիոն 400 հազար դրամով (մոտ 20 հազար ԱՄՆ դոլար):
Թե ինչ հիմնավորմամբ է կրթության եւ գիտության նախարարությունը աճուրդի հանել Արմեն Աշոտյանի «նվերը» եւ ինչի վրա է ծախսվելու ավելի քան ինը միլիոն դրամը, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել հենց գերատեսչությունից: Սակայն մեր ջանքերն ապարդյուն անցան: Նախ մեր բանավոր հարցմանն ի պատասխան՝ նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը հորդորեց հարցը գրավոր ուղարկել:
Իսկ գրավոր տարբերակը, կարծես, անտեսվեց: Բանն այն է, որ մամուլի քարտուղարին ներկայացրինք թեմայի այժմեականությունը՝ խնդրելով հնարավորինս սեղմ ժամկետներում պատասխանել հարցմանը, ինչին ի պատասխան՝ Լուսինե Մարգարյանը նշեց. «Ինձ աշխատել մի՛ սովորեցրեք: Շտապ բան չկա: Մենք ստացել ենք Ձեր հարցումը: Ես այն չեմ տեսել:
Այն արդեն մուտք է արվել համապատասխան վարչություն: Օրենքով սահմանված կարգով հարցմանը կպատասխանենք»: Մեր դիտարկմանը, թե հարցմանը չծանոթանալու պայմաններում ինչպե՞ս կարող է հայտարարել, թե «շտապ բան չկա», մամուլի քարտուղարը շարունակեց. «Օրենքով սահմանված կարգով կպատասխանենք»,- ապա անջատեց հեռախոսը:
Ի դեպ, Լուսինե Մարգարյանը նաեւ նշեց, թե ինքը միջոցառման է եւ չի կարող խոսել: Իսկ ամենափնովելին այն պահվածքն է, որ միջոցառման ավարտից հետո սույն աշխատակիցը հարկ չհամարեց զանգահարել եւ կատարել իր պարտականությունը, այն է՝ լրատվամիջոցի ներկայացուցչի հարցին պատշաճ պատասխան տալը, ինչի համար պետբյուջեից վարձատրվում է:
Իսկ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ տեղեկացրին, որ պաշտոնական պատասխանը կլինի մոտ երկու օրից: Ինչեւէ, հուսանք նման տհաճ միջադեպերի հետագա գործունեության ընթացքում չենք բախվի:
Լ. Մարգարյանի վերաբերմունքն, այդուհանդերձ, չխանգարեց մեզ գնալ թեմայի հետքերով:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունը հաստատեց ՀՀ ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտի» տնօրեն Նորայր Ղուկասյանը: Նրա փոխանցմամբ՝ նախարարությունը վերադարձրել է իրենց հաշվեկռում հաշվառված «Volksvagen Tuareg» մակնիշի ավտոմեքենան՝ առանց հայտնելու պատճառների մասին:
Մեր հարցին՝ գուցե այն անսա՞րք է, Ն. Ղուկասյանը պատասխանեց. «Դա մեզ է պատկանում. տարիներ առաջ տվել ենք ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Նոր նախարարի նշանակումից հետո այն վերադարձրել են, մենք էլ աճուրդի ենք հանել: Չգիտեմ վերադարձնելու պատճառը: Ըստ նախնական պայմանագրի՝ մեքենան պետք է մի օր վերադարձնեին: ՛
Նոր մեքենա է, իմ իմանալով անսարքություններ չունի»: Իսկ թե ինչի վրա է ծախսվելու 9 միլիոն 400 հազար դրամը, պարզել չհաջողվեց:
Տաթեւ Հարությունյան