ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայի Ռադայի խոսնակը համոզված չէ, որ հավանություն կտա փոխվարչապետի պաշտոնում Սաակաշվիլիի նշանակմանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Դմիտրի Ռազումկովը համոզված չէ, որ հավանություն կտա Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի՝ բարեփոխումների գծով փոխվարչապետի պաշտոնում նշանակմանը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ փոխվարչապետի պաշտոնում իր նշանակման հարցի քվեարկությունը Գերագույն ռադայում տեղի կունենա ապրիլի 30-ին: Ապրիլի 26-ին Ռազումկովը տեղեկացրել է, որ կառավարությունը դեռևս խորհրդարանին չի ներկայացրել կադրային նշանակումների, այդ թվում՝ Սաակաշվիլիի նշանակման հարցը: Նախագահական «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան հայտարարել է, որ Սաակաշվիլիի նշանակման հարցը հինգշաբթի կայանալիք խորհրդարանական նիստի օրակարգում դեռևս չկա:

«Ես միշտ ասել եմ, որ այլ պետությունների փորձը օգտագործելն ու տարբեր ոլորտների մասնագետներին ներգրավելը շատ կարևոր է: Բայց ամեն դեպքում կարծում եմ, որ մեր թիմում էլ բավական քանակությամբ գործընկերներ ունենք, որոնք կկարողանան բարեփոխումներ անցկացնել և օգտակար լինել կառավարությանը: Այսօրվա դրությամբ ես համոզված չեմ, որ ամբողջովին կկիսեմ և հավանություն կտամ կառավարությունում քննարկվող նոր կադրային նշանակումներին»,-հայտարարել է Ռազումկովը:

Նա նաև նշել է, որ կադրային նշանակումների հարցում ամենակարևորը ձայների առկայությունն է: Ուժերի հարաբերակցությունը պարզ կլինի արդեն խորհրդարանի արտահերթ նիստին ավելի մոտ ընկած ժամանակահատվածում:

«Խմբակցությունում կարծիքների մեծամասնությունը բաժանվել է: Նիստին ավելի մոտ ընկած ժամանակահատվածում, եթե այդ հարցը դրվի, մենք կտեսնենք ուժերի հարաբերակցությունը: Ոմանք համոզված աջակցում են այդ նախաձեռնությանը, ոմանք դեմ են արտահայտվում, ոմանք ավելի հուզական և քաղաքական են մոտենում, ոմանք պրագմատիկ են մոտենում այս հարցին` ելնելով հիմնարար արժեքներից»,-հավելել է Ռազումկովը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ուկրաինայի Գերագույն ռադան Օդեսայի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հնարավոր է նշանակի բարեփոխումների գծով փոխվարչապետի պաշտոնում: Սաակաշվիլիի թեկնածությունը փոխվարչապետի պաշտոնում առաջարկել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular