ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արժեզրկված հաղթանակ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տարիներ առաջ մի սեմինարի ժամանակ, դրա մասնակիցներից մեկը հետաքրքիր հարց հնչեցրեց: Նա հարցնում էր, թե ո՞վ է հաղթել համաշխարհային պատերազմում: Շատերի համար այս հարցը տարօրինակ հնչեց, շատերը տարակուսեցին: Սակայն հարց տվող փորձագետը խոսում էր հետպատերազմյան շրջանի իրողությունների մասին եւ, կարծես թե, հիմնավորում էր, որ պատերազմի էֆեկտն ոմանց համար արժեզրկվել է, պարտվողները դասեր են քաղել, ճիշտ հետեւություններ արել:
Վերրջին տարիներին ես էլ ինձ նույն հարցն եմ տալիս, հատկապես` Հաղթանակի տարեդարձի օրերին:
Ո՞վ հաղթեց երկրորդ համաշխարհային պատերազմում:
Զուտ ռազմական տեասնկյունից` հարցի պատասխանը հստակ է, հասու անգամ դպրոցականին: Հաղթել է սովետական բանակը
Բայց արդյո՞ք այդ հաղթանակը բովանդակություն ստացավ սովետական մարդու համար, ով այդքան զոհողությունների գնաց, կորցրեց որդուն, եղբորը, ամուսնուն: Իհարկե` ոչ: Սովետական ժողովուրդը, աշխարհի այլ ժողովուրդների հետ, կանխեց նացիզմի հաղթանակը, տոտալիտար այդ գաղափարախոսության համաշխարհային տիրապետության վտանգը, բայց հայտնվեց նրան չզիջող, ոչ պակաս մարդակուլ բոլշեւիկյան տոտալիտարիզմի ճիրաններում:
Սովետական մարդու համար հաղթանակը շուտով արժեզրկվեց, որվհետեւ այն չբերեց ազատություն, բարեկեցություն: Հաղթանակն առաջին հերթին ճանապարհ է դեպի ազատություն, Հաղթանակի նպատակը մարդն է, նրա իրավունքները:
Կոմունիստական էլիտան սեփականաշնորհեց հաղթանակը` հպատակի կարգավիճակում պահելով միլիոնավոր մարդկանց: Մայիսը 9-ը շատ շուտով սովետական ղեկավարության համար կորցրեց հաղթանակի նշանակությունը` դառնալով միլիտարիզմը խորհրդանշող օր: Նույն պատկերացումներն ունի նաեւ Ռուսաստանի այսօրվա ղեկավարությունը, որի համար ռազմական պոտենցիալի ցուցադրական մատուցումը դարձել է գերխնդիր:
Պատերազմից միանգամայն այլ հետեւություններ արեց Գերմանիայի նոր ղեկավարությունը, որը, արեւմտյան դաշնակիցների օժանդակությամբ, դրեց դենոկրատական, քաղաքացուն արժեւորող պետության հիմքերը, քաղաքակրթական անհանդուրժողականություն ձեւավորեց տոտոլիտար որեւէ գաղափարախոսության նկատմամբ:
Պատերազմում հաղթած ԽՍՀՄ-ը զարգացրեց տոտալիտարիզմը` մարդու, նրա ազատության հաշվին, ի վերջո` գերտերությունից վերածվելով չգոյության, պատմության: Պատերազմում պարտված Գերմանիան դասեր, հետեւություններ արեց` կառուցելով քաղաքացուն արժեւորող, քաղաքակիրթ աշխարհին ինտեգրվող, ապագային ձգտող երկիր:
Հաղթանակն իմաստալից է, եթե այն ինստիտուցիոնալիզացվում է, դառնում է ազատության խորհրդանիշ: Հակառակ պարագայում` հազթանակը դառնում է իշխող վերնախավի քարոզչական տրյուկ, սեփական իշխանությունն ամրապնդելու, մարդկանց հպատակեցնելու միջոց:
Պարտությունը բարդույթավորում է պետություններին, ժողովուրդներին, եթե նրանք անհրաժեշտ հետեւություններ չեն անում: Գերմանիան, նրա հետպատերազմյան ղեկավարությունն արեց այդ հետեւությունները:
Նույնը վերաբերում է Շուշիի ազատագրմանը: Այդ իրադարձությունը կդառնա մնայուն հաղթանակ, եթե ծառայի հայաստանցու, արցախցու ազատությանը, բարեկեցիկ կյանքին:
Արցախյան պատերազմում հաղթել է դեմոկրատական Հայաստանը: Այսօր Հայաստանը դեմոկրատիան, քաղաքացու ազատությունը ինստիտուցիոնալիզացնելու խնդիր ունի: Պետք չէ մեզ հույս տալ, թե Ադրբեջանը դենոկրատական չէ: Եթե մենք կորցնենք ժողովրդավարության, ազատության մեր ռեսուրսը, առաջին պլան է գալու հարեւանների նավթը` դառնալով կարգավորման գործընթացի գործոն:
Ղարաբաղյան պատերազմի ամենամեծ ձեռքբերումը պետք է լինեն ազատ Հայաստանը, ազատ քաղաքացին: Սա է մայիսի 9-ի ամենամեծ խորհուրդը, նաեւ գրավականը, որ տասնամյակներ անց մեզ չհարցնեն, թե ո՞վ է հաղթել արցախյան պատերազմում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular