ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Բեգլարյանը կարող է ձերբակալվել

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Politik.am կայքում կարդում ենք․

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին նախագահ Սերժ Սարգսյանն իր մոտ է հրավիրել, բացատրել է, որ նրա անունը շատ է կապվում ընտրակեղծիքների եւ աղմկալի պատմությունների հետ, ուստի լավ կլինի, եթե նա որոշակի ժամանակ ակտիվ քաղաքականությամբ չզբաղվի և ստվերում մնա:

Թերթը, հղում տալով իր աղբյուրներին, նշել էր, որ Բեգլարյանը հակադարձել էր նախագահին և հայտարարել, որ իր կատարած քայլերը եղել են ի նպաստ Սերժ Սարգսյանի: Թերթի փոխանցմամբ, Բեգլարյանը հրաժարվել է մտնել ստվերային դաշտ:
Այս հրապարակումից հետո հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել ՊԵԿ-ը: Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժինը, որն իրականացնում է խոշոր բիզնեսի վերահսկողություն, հարկային պարտավորություններից խուսափելու ուշագրավ դեպք է բացահայտել:

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ, 8-րդ բաժնի պետ Գերասիմ Մկրտչյանի տեղեկացմամբ` ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժնի և խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության աշխատակիցների կողմից բյուջեի հետ փոխհարաբերության ճշտության ստուգումներ են իրականացվել «Կորսան-Կորվիամ կոնստրուկցիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղում․ «Մեր կողմից իրականացված ստուգումների, ինչպես նաև ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների վերլուծության և համադրման, միջպետական հարցման և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով արձանագրվել է 2 միլիարդ 600 միլիոն դրամի ակտ և պետական բյուջե լրացուցիչ գանձման է առաջադրվել շուրջ 1 միլիարդ դրամի հարկային պարտավորություն»:

Պետք է նկատել, որ «Կորսան-Կորվիամ կոնստրուկցիոն» ընկերությունը «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերությունն էր: Մամուլում բազմիցս գրվել է, որ ավտոմայրուղու շինարարության համար նախատեսված գումարների զգալի մասը գրպանվել է:

Մամուլի բազմաթիվ հրապարակումներում նշվում էր նաև Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի անունը:
Հետաքրքիր է, որ սույն ստուգումների հետ կապված նյութերն ուղարկվել են ՊԵԿ քննչական վարչություն` հետագա ընթացքը որոշելու համար: Եվ գուցե «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարության գումարների հետ կապված նոր մանրամասններ մեզ հայտնի դառնան:

Կարծում ենք, սա նաև հետաքրքիր մեսիջ է նախկին նախարար Բեգլարյանին: Եւ եթե նա որոշում կայացնի նախագահի հորդորներին հակառակ զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, ապա կարող է ՊԵԿ քննչական վարչություն ուղարկված նյութերին ընթացք տրվի, և գուցե գլխավոր պատասխանատու Գագիկ Բեգլարյանն էլ ձերբակալվի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular