ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նազարյանը դեռ մինչև վերջ չի հասկացել ստվերից դո՞ւրս բերի գազի ոլորտը, թե՞ շարունակի ձգել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կառավարության առաջին նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ անհարժեշտ է գազի գնի վերանայման առաջարկություններ ներկայացնել և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին հանձնարարեց զբաղվել այդ գործով:

Նազարյանը նույն այդ նիստի ժամանակ ասաց, որ խնդիրներ կան, որոնք ինքն ուզում է մինչև վերջ հասկանալ, որպեսզի հանկարծ սխալ ուղղությամբ չգնա: Թե ինչ «խնդիրների» մասին էր խոսքը, մինչ օրս այդպես էլ չմեկնաբանվեց ո՛չ Նազարյանի և ո՛չ էլ այլ պատկան կառույցների կողմից: Ընդամենը «կես բերան» հայտարարվեց, որ այդ այսպես ասած «վերանայման» արդյունքում ինչ որոշում էլ, որ կայացվի, չի վերաբերելու ողջ բնակչությանը, բացի այդ, էներգետիկայի մասին օրենքի համաձայն, այն հնարավոր չի լինի կյանքի կոչել մինչև 2017թ. փետվարի 1-ը:
Այն, որ այս տարիների ընթացքում գազի սակագինը չափից ավելի է ուռճացվել, երկրորդ կարծիք լինել չի կարող, և ինչ նոր բանաձև էլ Նազարյանը հորինի այդ մտացածին սակագինը «հիմնավորելու» համար, միևնույնն է, չի կարող համոզել, որ այստեղ խաղի կանոններն ի սկզբանե այնքան հեռու են եղել մաքուր լինելուց, որ հիմա որոշ շտկումներ կամ մաքրագրումներ անելու դեպքում անգամ կարող են այնքան հարցեր առաջանալ, որ շատերը դրա տակից պարզապես դուրս գալ չեն կարողանա:

Հենց դա է պատճառը, որ Նազարյանը ցանկություն է հայտնեց մինչև վերջ հասկանալ, թե խոսքն ինչ վերանայման մասին է: Ամենայն հավանականությամբ, նրա ակնարկը քաղաքական պատվերին և ոչ թե սակագնի հաշվարկի մեթոդաբանությանն էր վերաբերում:

Իսկ ամենակարևորը նրա համար ոչ թե վարչապետի հանձնարարականը կատարելն էր, այլ պարզելը, թե այդ «քաղաքական պատվեր» ասվածը կիջեցվի՞, թե՞ ոչ: Հակառակ դեպքում ի՞նչ սխալ ուղղության մասին կարող է խոսք լինել, եթե իրականում խոսքը թվերի հաշվարկի մասին է, ոչ թե բարդ փիլիսոփայական երևակայական ձևակերպումների:
Ուշագրավ էր նաև այն, որ նորանշանակ վարչապետը մեկ այլ առիթով հայտարարեց, որ եթե երկրում ստվերը չկրճատվի, ոչինչ էլ չի ստացվի: Այստեղից պետք է ենթադրել, որ «Գազպրոմ Արմենիայի» ստվերի տակ երկար տարիներ նստած ներկայիս վարչապետը պետք է ամեն ինչ սկսի իր հարազատ միջավայրի ստվերազերծումից, ինչն էլ մուլտիպլիկացիոն էֆեկտով կանդրադառնա նաև մնացած ոլորտների՝ ստվերից դուրս գալու վրա:

Բայց այստեղ էլհարց է ծագում, թե այս դեպքում հարգարժան Կարեն Կարապետյանը, որը նաև հայտարարեց, որ պայմանավորվել է հասարակության հետ անկեղծ լինել, համարձակություն կունենա՞ նույն անկեղծությամբ խոսել նաև գազի շուրջ տարիներ ի վեր ստեղծված աղմուկի իրական պատճառների, անցյալ տարի դեկտեմբերին բնակչությանը տրվող գազի ֆանտաստիկ հավելագրումների և այն ամենի մասին, ինչի մասին արդեն մի քանի տարի հասարակությունն աղմկում է:

Հավանաբար, Նազարյանը հենց այս և նման այլ հարցերի մասին էր ցանկանում ակնարկել և դրա համար էլ ցանկություն հայտնեց մինչև վերջ հասկանալ, թե ինչի մասին է խոսքը, որպեսզի հանկարծ «սխալ» ուղղությամբ չգնա: Ի դեպ, գազի պատվերից հետո նույն Նազարյանը կարող է հայտնվել կրկնակի թակարդում, որից դուրս գալն այս անգամ այդքան էլ հեշտ չի հաջողվի և դրա համար է նրան այդքան անհրաժեշտ մինչև վերջ ամեն ինչ հասկանալ ու տող առ տող պարզել, որ հանկարծ սխալ ուղղությամբ չգնա:

Արմինե Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular