ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ս. Լավրովի չմեկնաբանված այցի շուրջ ստեղծված տեղեկատվական վակուումը՝ նոր հարցերի պատճառ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան այցին այդքան սպասող տեղի ու միջազգային փորձագետները կարծես շփոթված են, քանի որ իրականում այն որևէ նոր միավոր չավելացրեց ո´չ տեղեկատվական, ո´չ էլ երկու ռազմավարական դաշնակից երկրների միջև առկա բարոյաքաղաքական «ակտիվում»:
Պարզվում է, որ այդ չմեկնաբանված այցի շուրջ ստեղծված վակուումը չի գոհացրել նաև ԱԺ պատգամավորներին, քանի որ նրանց համար նույնպես պարզ չէ, թե իրականում ինչ հարցեր են քննարկել երկու երկրների ԱԳ նախարարները:
Այն, որ իրականում Լավրովի այցը ճանաչողական չէր և ոչ էլ միտված էր միայն հայկական կողմի հասցեին գովեստի խոսքեր հնչեցնելուն, պարզ է, սակայն հասարակության համար ոչ մի նոր տեղեկություն չպարունակող այս հանդիպման շուրջ ձևավորված այս խորհրդավոր լռությունը կրկին կարելի է հայկական «ճկուն» դիվանագիտության հերթական «հաղթանակը» համարել: Սակայն ո՞ւմ է պետք այդ «հաղթանակը», որը խուճապից բացի այլ բան չի առաջացնում: Բացի այդ՝ այցի մանրամասների մասին քիչ թե շատ տեղեկանալու համար հասարակությունը ստիպված է ոչ թե սեփական գերատեսչությանը դիմել, այլ ռուսական մամուլին:
Ի դեպ, ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարի Հայաստան այցից առաջ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ Լավրովի կողմից հրամցվելիք առաջարկություն ամենևին էլ մեր երազած տարբերակը չէ, սակայն այդպես էլ պարզ չդարձավ, թե խոսքն իրականում ինչ նոր առաջարկների մասին է, եթե, իհարկե, այդպիսիք իրականում կան:
Այդպես էլ պարզ չդարձավ, որ եթե բանակցային սեղանին դրված ներկայիս փաստաթուղթը մերժել է ոչ թե հայկական կողմը, այլ ադրբեջանականը, ապա այդ դեպքում ինչի՞ մասին են եղել հայկական կողմի հետ քննարկումները:
Ուշագրավ էր նաև երկու ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի կտրուկ և անսպասելի ավարտը, ինչը կրկին ավելացրեց անպատասխան մնացած հարցերի ցանկը: Ինչ վերաբերում է ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանի այցերի ցանկին, ապա հիշեցնենք, որ հասարակությանը ոչ թե հետաքրքրում էր, թե նա ապրիլյան պատերազմի օրերին՝ երբ և որ երկրում է եղել և ում հետ է հանդիպել կամ ճաշել, այլ հետաքրքրում էր, թե ինչու Հայաստանի արտաքին գերատեսչությունը ժամանակին պաշտոնական հայտարարություններով հանդես չի եկել և բողոքի նոտաներ չի հղել միջազգային պատկան կառույցներին: Բացի այդ՝ ՀՀ ԱԳ նախարարին տրվող հարցերի հարցը կարող էր լինել նաև այն, թե իր ղեկավարած գերատեսչության աշխատանքն ինչու է մշտապես կուլիսային բնույթ կրում այն դեպքում, երբ Հայաստանի ԱԳ նախարարի ձայնը պետք է, որ ամենաբարձրն ու ամենահամարձակը հնչեր ոչ միայն ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը սանձազերծել էր պատերազմական գործողություններ, այլ և՛ դրանից շատ առաջ, և՛ դրանից հետո:
Ամենատհաճը, սակայն, դիվանագիտական կորպուսի ղեկավարի պահվածքն էր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա մամուլի ասուլիսի ձևաչափը կարծես կա´մ շփոթել էր բանակցային հարթակի հետ, կա´մ էլ նրա զայրացած պատասխանից ու ասուլիսն անսպասելի կերպով ընդհատելուց կարելի է ենթադրել, որ Լավրով-Նալբանդյան բանակցություններն այնքան էլ նրա սրտով չեն եղել: Հարցերի շարքը կրճատելու համար Նալբանդյանը ոչ թե պետք է հասարակությունից խնամքով թաքցնի բանակցությունների մանրամասները, այլև ցույց տա, որ պետբյուջեի հաշվին ապրող այդ հսկայական կառույցն իրականում ոչ թե կույրաղիքի դեր է կատարում, այլ կարողանում է նաև գոռալով արթնացնել խորը քուն մտած միջազգային պատկան կառույցներին, ինչը կարծես այդքան էլ չի հաջողվում նրան:

 


Ա.Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular