ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը հրաժարվու՞մ է Իսրայելից. Անկարայի կոշտ պահանջը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանը կստանա թուրքական արտադրության անօդաչու սարքեր, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Դա տեղի կունենա դեռեւս փետրվարին Էրդողանի Բաքու կատարած այցի ընթացքում ստորագրված գործակցության համաձայնագրի շրջանակում: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ դրանք Թուրքիայի հակաահաբեկչական գործողություններում հաջողությամբ կիրառված անօդաչուներ են:

Ադրբեջանցիների ակնարկը հասկանալի է: Խոսքը վերաբերում է Սիրիայում եւ Լիբիայում Թուրքիայի ռազմական գործողություններին: Բաքվի պրոպագանդան ոգեւորությամբ էր թվարկում, թե այդ գործողությունների ընթացքում թուրքական անօդաչուները ինչպիսի հարվածներ են հասցրել ռուսական հակաօդային պաշտպանության միջոցներին ու սպառազինությանը:

Ակնառու էր, որ ադրբեջանական պրոպագանդան անուղղակիորեն «մոդելավորում» էր ռազմական գործողություններ հայկական ուղղությամբ, նկատի ունենալով այն, որ հայկական զինուժը համալրված է հենց այդօրինակ ռուսական սպառազինությամբ:

Միեւնույն ժամանակ, արդյոք Բաքուն հրաժարվում է իսրայելական անօդաչուներից, որոնք Բաքվի հարվածային ուժերից էին ապրիլյան քառօրյա պատերազմում: Օրերս Հայաստանի զինված ուժերը հայտնեցին, թե մեր տրամադրության տակ եղած եւ արդիականացված ՕՍԱ-ԱԿՄ զենիթային կայանն ինչպես է խոցել իսրայելական Օրբիտա-3 բավականին գովված անօդաչուն: Ադրբեջանցիները հիասթափվե՞լ են իսրայելական անօդաչուներից, թե՞ Թուրքիան դրել է նախապայման՝ Բաքուն կամ միլիոնները Իսրայելին է տալիս, կամ Թուրքիային: Իսկ հաշվի առնելով այն, որ Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունը մեղմ ասած բարվոք չէ, եւ այն, որ Թել Ավիվը Եգիպտոսի, Կիպրոսի ու Հունաստանի հետ փորձում է ձեւավորել հակաթուրքական բլոկ եւ զսպել Անկարայի միջերկրծովյան եւ աֆրիկյան հավակնությունները, հնարավոր է պատկերացնել, որ Անկարան Բաքվի առաջ իսկապես կարող էր դնել՝ կամ-կամ:

Այդ պայմաններում Ադրբեջանին չի մնում այլ բան, քան կերտել թուրքական անօդաչուների հզորության միֆը, պարտադրված ձեռքբերումը արդարացնելու համար:

Պետք չէ բացառել եւ այն, որ Ադրբեջանն իր հերթին իրավիճակը օգտագործում է Երեւանի եւ Թել Ավիվի որոշակի մերձեցման գործընթացի նկատմամբ դեմարշ արտահայտելու համար:

Միեւնույն ժամանակ, հայկական զինուժի համար իհարկե հույժ կարեւոր էր, եւ առավել կարեւոր է դառնում Սիրիայում եւ Լիբիայում թուրքական զինուժի ռազմական գործողությունների, մասնավորապես անօդաչուների կիրառման հանգամանալից դիտարկումն ու վերլուծությունը, ըստ այդմ դրանց դեմ ռուսական զենիթային սպառազինության էֆեկտիվության հետ կապված հարցերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular