Հրավիրել են սեղանի թենիս խաղալու, ես չեմ գնացել՝ «որ չգիտեմ խաղալ, ի՞նչ խաղամ». ցմահ դատապարտյալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔսան տարուց ավելի ազատազրկում կրող ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի վերաբերյալ պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդագիր չներկայացնելու պատճառներն այսօրվա դատական նիստում բազմապատկվեցին:
Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու միջնորդագիր չներկայացնելու քրեակատարողական հիմնարկի որոշման դեմ ցմահ դատապարտյալի բողոքի գործով այսօրվա դատական նիստում հակառակ կողմը որպես ի հիմնավորումն իրենց դիրքորոշման նշեց, որ դատապարտյալը ոչ միայն չի մարել տուժողների իրավահաջորդների քաղհայցը, այլ նաև չունի վերջնական դրական բնութագիր:
Մայրը ողջագուրվեց ցմահ ազատազրկման դատապարտված որդու հետ
Դատախազ Վահան Հարությունյանը, մասնավորապես, նշեց, որ ցմահ դատապարտյալի բնութագիրը չի կարելի համարել բացասական, բայց նաև առկա չէ վերջնական դրական բնութագիր: Բացի այդ՝ շարունակվում են դատապարտյալի հետ նրա ուղղմանը միտված սոցիալ-հոգեբանական աշխատանքները: Ուստի, դատախազը գտնում է, որ հիշյալ միջնորդագիր ներկայացնելը մերժելու ՔԿՀ որոշման դեմ դատապարտյալի բողոքն ենթակա է մերժման:
Արթուր Մկրտչյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը նշեց, որ ՔԿՀ վիճարկվող որոշումն ինքնին ապօրինի է, որովհետև այն պատճառաբանված չէ: Նա նաև հիշեցրեց, որ նախորդ նիստերից մեկում, երբ ինքը հարց է ուղղել ՔԿՀ ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանին, նա միայն մեկ պատճառ է նշել, այն է՝Ա.Մկրտչյանը չի հատուցել տուժողների՝ կյանքից զրկվելու հետևանքով պատճառված վնասը:
Փաստաբանը նաև հիշեցրեց այդ ժամանակ իր հայտնած մտավախության մասին՝ ՔԿՀ ներկայացուցիչն արդեն հայտնել է, թե ո՛րն է եղել որոշման հիմքը, ուստի հաջորդ դատական նիստին այլևս չի կարող նոր հիմքեր ավելացնել, դա բացարձակապես անընդունելի կլինի, ասել էր Ռոբերտ Ռևազյանը: Այնուամենայնիվ, նկատեց փաստաբանը, պատճառներն ավելացել են:
Իսկ այսօրվա դատական նիստում դատարանի այն հարցին, թե քանի՞ անգամ են սոցիալ-հոգեբանական աշխատանքներ տարվել իր հետ, Արթուր Մկրտչյանը հայտնեց, որ ինքը օրենքների փոփոխության հետ կապված հարցերով է դիմել իրավաբանին:
Իսկ ինչո՞ւ է հրաժարվել մասնակցել մարզական պարապմունքներին հարցին ի պատասխան դատապարտյալը հայտնեց, որ առաջին անգամ շախմատ խաղալու են հրավիրել, ինքը գնացել է, իսկ երկրորդ անգամ իրեն հրավիրել են սեղանի թենիս խաղալու, ինքը չի գնացել՝ «որ չգիտեմ խաղալ՝ ի՞նչ խաղամ»:
Բողոքի քննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստում:
1997թ. կայացված դատավճռով Արթուր Մկրտչյանը դատապարտվել էր մահապատժի: Հետագայում ի թիվս այլ մահապատժի դատապարտվածների, նրան ներում էր շնորհվել ու մահապատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ:
Աղբյուր` Փաստինֆո