Վարչական ակտի վիճարկման արդյունքում կասեցվել են շուրջ 60 շինարարական թույլտվություններ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀայաստանում վարչական ակտերի վիճարկման հայցերի արդյունքում կասեցված են շուրջ 60 շինարարական թույլտվություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և կից նեկայացված օրենքների նախագծերի փաթեթի ներկայացնելիս:
«Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը այժմ նախատեսում է կառուցակարգ, որ վիճարկման հայցերի դեպքում վարչական ակտի կատարումը կասեցվում է: Եվ նախատեսված են որոշակի բացառություններ կատարման կասեցման մասով: Ներկա իրավիճակում շինարարությունների թույլտվության հետ կապված առաջացել է այնպիսի իրավիճակ, որ վարչական կարգով կամ դատական կարգով բողոքարկման պայմաններում կասեցվում է շինարարությունների ընթացքը: Շուրջ 60 շինարարական թույլտվություններ են կասեցվել, որտեղ մոտավորապես 450 մլն դոլարին համարժեք դրամի ներդրում է կասեցված այժմ: Երևանի տվյալներով՝ 125 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով կառուցապատման աշխատանքներ չեն իրականացվում»,-ասաց փոխնախարարը:
Այսպիսով օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է այն ակտերի վիճարկման դեպքում, երբ վարչական ակտը վիճարկում է հասցեատեր չհանդիսացող անձը, կասեցումը չլինի որպես ավտոմատ կիրառման գործիք, այլ վարչական ակտի կատարումը կասեցվի միայն դատարանի կողմից միջնորդությունը բավարարվելու պայմաններում: Բավարարվելու պայմանները հետևյալն են՝ երբ առկա է հիմնավոր կասկած, որ հայցվորին կարող է պատճառվել զգալի վնաս կամ անհնարին դարձնել դատական ակտը: Եթե նախագիծն ընդունվի, ապա կասեցված վարչական ակտերի կատարումը պետք է վերսկսվի, և կողմերը իրավունք կունենան դատարանին ներկայացնել միջնորդություն՝ կասեցնելու, եթե օրենքով սահմանված հիմքերն առկա են: