ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը փորձում է մեր անցած 30 տարիների ճանապարհը նսեմացնել, նա ուզում է հայ հանրության տարբեր շերտերի միջև հակասություններ որոնել. խոհեմություն կլինի, որ հրաժարվենք իրար ոչնչացնելուց. Վահրամ Բալայան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի խորհրդարանի «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է պահպանել իր հակահայկական գիծը:

Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին, որոնցով նա քննադատել է անկախ Հայաստանի բոլոր ժամանակների իշխանություններին:

«Նա փորձում է մեր անցած այս 30 տարիների ճանապարհը նսեմացնել, սև բծեր հայտնաբերել մեր անցած ուղու վրա: Իրականում, իհարկե, նրա ասածները հերյուրանք են: Անկախ ամեն ինչից՝ այս 30 տարիների ընթացքում թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախի Հանրապետությունում տարբեր ղեկավարների ժամանակ մեր ունեցած թերություններից, մենք նաև ունեցել ենք շատ ձեռքբերումներ, հաջողություններ: Մեր հայրենիքի մի մասն ազատագրվել է, մենք այսօր ունենք պետական սահմանում հայոց երկիր՝ 42 հազար քառ. կմ  տարածքով: Սա ակնհայտ փաստ է, և պետք է ընդունել»,- ասաց նա:

Վահրամ Բալայանի խոսքով՝ իհարկե, բանակաշինության ոլորտում էլ, անկախ նրանից, թե ինչ վիճակ է եղել, նույնպես ունեցել ենք հաջողություններ, այնպես որ, Ալիևի հայտարարությունները իրականության հետ կապ չունեն:

«Դա նաև փորձ է հայ հանրության տարբեր շերտերի միջև հակասություններ որոնելու, փորձելու մեր երկրի ներքին անդորրը ինչ-որ ձևով խախտել»,- ասաց նա:

Հարցին, թե երբ ձերբակալվում են արցախյան պատերազմի հերոսները, գեներալները, արդյոք կանխատեսելի չէր, որ Ադրբեջանը դա որպես հաղթաթուղթ կօգտագործեր, Վահրամ Բալայանը պատասխանեց.

«Իհարկե, այն մոտեցումները, որոնք դրսևորվում էին մեր բանակի հրամկազմի և ընդհանրապես արցախյան հերոսամարտի մասնակիցների նկատմամբ, անընդունելի էին:  Նորից եմ կրկնում՝ սխալները, որոնք կան, հասկանալի են, բայց մյուս կողմից էլ՝ մենք չենք կարող անընդհատ հետ նայել և խնդիրներ գտնել և նորից փորձել այդ հիմքերի վրա մեր ներսում խնդիրներ առաջացնել, հասարակության տարբեր շերտերի բաժանել,- ասաց նա՝ նկատելով, որ մենք և՛ տարածքով, և՛ թվաքանակով փոքր ժողովուրդ ենք, և հակասությունները չեն օգնում անգամ նոր իշխանություններին՝ հաջողություններ արձանագրելու գործընթացում,- ես կարծում եմ, որ պետք է առաջ նայել, անցած էջը փակել և փորձել նոր հիմքեր կառուցել՝ ավելի զարգացած երկիր ունենալու տեսլականով»:

Վահրամ Բալայանը նշեց, որ պատմությունն է վկայում, որ դարերի ընթացքում մենք, անընդհատ իրար ոչնչացնելով, կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը: «Կարծում եմ, որ խոհեմություն կլինի, որ հրաժարվենք այդ ճանապարհից, և փորձ արվի ստեղծել այնպիսի մթնոլորտ, որը հնարավորություն կտա միասնական ջանքերով շարունակել մեր երկրի զարգացումը: Չպետք է մոռանանք նաև, որ մենք պատերազմող երկիր ենք, և Աստված մի արասցե, վաղը պատերազմ լինելու պարագայում, խրամատում միմյանց թշնամի չհամարենք»,- ասաց նա:

Վահրամ Բալայանը չցանկացավ մեկնաբանել  Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակի և արտաքին գործերի նախարարության արձագանքները՝ Ալիևի հայտարարություններին՝ համարելով, որ դրանք ՀՀ իշխանությունների մոտեցումներն են, ինքն իրեն իրավունք չի վերապահում դրանց գնահատականներ տալ:

Դիտարկմանը, թե վարչապետի խոսնակը, արձագանքելով Ալիևի հայտարարություններին, նորից անդրադարձել էր նախորդ իշխանություններին, Վահրամ Բալայանը պատասխանեց.

«Իմ ասածը հենց դրան է վերաբերում, որ ես ցանկանում եմ, որ այդ մեղադրանքները չլինեն: Անընդհատ փորձել փորել, ինչ-որ նոր բաներ գտնել, իրար մեղադրել… դա համենայն դեպս իմ ճանապարհը չէ: Դա անընդունելի է: Կուզեի մեր ներքին խնդիրները լուծելու համար առավել սահուն ճանապարհ գտնեինք: Ես այդ ճանապարհն եմ նախընտրում»,- ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular