ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտին. Հայերի հողերը նվիրեցինք թուրքերին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խորհրդային Միության ստեղծման ժամանակ շատ հանրապետություններ, որոնք մտան միության կազմ, ռուսական հսկայական հողեր են ստացել։ Այս մասին օրերս ասել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Խորհրդային Միության ստեղծման ժամանակ նշվել է կազմից դուրս գալու իրավունքը, բայց քանի որ ընթացակարգ չի եղել, հարց է ծագում։ Եթե այս կամ այն հանրապետությունը մտել է Խորհրդային Միության կազմ, ռուսական հսկայական հողեր է ստացել՝ ավանդական, պատմական, ռուսական տարածքներ, իսկ հետո որոշել է դու՞րս գալ կազմից։ Այդ դեպքում գոնե դուրս գար նրանով, ինչով եկել է, այլ ոչ թե իր հետ քարշ տար ռուս ժողովրդի նվերները», ասել է Պուտինը։

Օրերս նա նաեւ հոդված է հրապարակել պրոռուսական համարում ունեցող National Interest պարբերականում, որը փորձագետները գնահատում են պատմական ռեւիզիոնիզմի տեսակետից։ Տապալվելով աշխարհքաղաքական մեծ խաղում, Պուտինը ձգտում է իր անվերջ նախագահության համար ապահովել գոնե հետխորհրդային հաղթական ճեղքումը, կարծում են նրանք։ Մասնավորապես, խոսքն Ուկրաինայի ու Բելառուսի հետ միութենական պետության, Մերձբալթյան հանրապետությունների ուղղությամբ ՆԱՏՕ-ին հարվածներ հասցնելու ծրագրերի մասին է։

Պուտինն ըստ էության ճիշտ է ասում․ ԽՍՀՄ կազմ մտած շատ հանրապետություններ տարածքներ են ստացել, եւ նրա ակնարկը վերաբերվում է Ուկրաինային ու հատկապես Ղազախստանին, որը ռուսական շրջանակներում անվանում են նաեւ հարավային Ուրալ։

Մյուս կողմից, Ռուսաստանն ինքն էլ տարածքներ է նվաճել օրինակ Էստոնիայից, որը ներկայում հետ է պահանջում դրանք, վկայակոչելով 1920 թ․ պայմանագիրը։ Այս կապակցությամբ ռուսական պաշտոնական շրջանակներից նույնիսկ կարծիք հնչեց, որ պետք է հրաժարվել 1920-ականների պայմանագրերից։

Այս ողջ պատմության մեջ առանձնահատուկ է իհարկե Հայաստանի պարագան։ 1920-ին Հայաստանը խորհրդայնացավ, 1921-1923 թթ․ ռուս-թուրքական զինված ստորաբաժանումները Հայաստանի տարածքում շարունակեցին ցեղասպան գործողությունները, որին զոհ գնաց 300 հազար հայ, Հայաստանից Ռուսաստանի խորքերն արտաքսվեցին հարյուր հազարավոր հայեր։ 1921 թ․ կնքվեցին ռուս-թուրքական պայմանագրերը, որոնցով Հայաստանի Հանրապետության տարածքի մեծ մասն անցան Թուրքիային ու Ադրբեջանին։

Նշենք, որ այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն էր, ճանաչված Ազգերի լիգայի կողմից, ի տարբերություն նույն Ադրբեջանի։ Ռուսաստանն ու Թուրքիան օկուպացրել են Հայաստանի տարածքը, իսկ 1921 թ․ պայմանագրերն անօրինական են։ Ահա այս վիճակով Հայաստանը «միացավ» ԽՍՀՄ-ին, Նախիջեւանն ու Ղարաբաղը բռնակցվեցին Ադրբեջանին։

Մոսկվայում խնամքով շրջանցում են այս թեման, հասկանալի պատճառով։ Մոսկվայի համար հայկական գործոնն առանձին պատմություն է եւ ունի քաղաքական խորքային շերտեր ու ազդեցություն, որը ռուսները վերջին հարյուրամյակում չեզոքացրել են թուրքերի հետ միասին, շահերի ակնհայտ համատեղմամբ։ Ընդ որում, դա արվել է հայկական միջավայրում 20-րդ դարասկզբի ու 1990-ականների իրադարձությունների վերաբերյալ պրիմիտիվ պատմա-քարոզչական մեկնությունների ու կաղապարների ներդրմամբ, որոնք արդարացնում են ռուսների գործողությունները։

Պուտինի հավակնությունը հետխորհրդային տարածքի հանդեպ կարող է կրկնել հարյուրամյա քաղաքական սխեմաները, որը սակայն բարդանում է հայկական ինքնիշխան պետության գոյությամբ։ Միեւնույն ժամանակ, խնդիրը հետեւյալն է՝ եթե Ռուսաստանը ցանկանում է «մնալ», պետք է վերացնի 1915-1923 թթ․ իր հանցավոր քաղաքականության հետեւանքները։ Անցյալի սխալները չուղղելը փլուզելու է արդեն Ռուսաստանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular