ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրիացի քրդերը ոչ մի կապ չունեն Անկարայի պայթյունի հետ. ԺՄԿ համանախագահ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Սիրիացի քրդերի «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ) համանախագահ Սալիհ Մուսլիմը հայտարարել է, որ ոչ իրենք, ոչ էլ սիրիական «Ժողովրդի պաշտպանության ուժերը» (ԺՊՈՒ) որևէ առնչություն չունեն մարտի 13-ին Անկարայի Քըզըլայ հրապարակում 37 մարդու կյանք խլած ռումբի պայթյունի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Roj News գործակալությանն այս հայտարարությունը Մուսլիմն արել է ի պատասխան թուրքական իշխանությունների կողմից պայթյունի համար սիրիացի քրդերի հասցեին հնչեցրած մեղադրանքների:

«Որ խմբավորումն էլ դա կատարած լինի, մենք դատապարտում ենք: Մերժում ենք սիրիացի քրդերին ուղղված մեղադրանքները», -ասել է նա' հավելելով, որ առանց ապացույցների չի կարելի մեղադրանքներ հնչեցնել քրդական կառույցների դեմ:

«Անկարան պետք է վերջ դնի նման կեղտոտ խաղերին: Այդ պայթյունի հետ ոչ մի կապ չունենք: Դա հակասում է մեր սկզբունքներին: Թուրքիայի կայունությունը ծառայում է նաև մեզ: Մենք դրան հավատում ենք»,- ասել է նա:

Թուրքիայի իրավապահ մարմինները հայտարարել են, որ հստակեցրել են Անկարայում ահաբեկչություն իրականացրած երկրորդ մահապարտի ինքնությունը ևս: Ըստ նրանց' մահապարտը 26-ամյա Օզգյուր Ունսալն է, ով երկար ժամանակ ապրում է Անկարայում: Դեռևս հայտնի չէ' արդյոք նա հարել է որևէ կազմակերպության:

Թուրքիայի ՆԳՆ-ն ավելի վաղ բացահայտել էր ահաբեկիչներից ևս մեկի ինքնությունը' 1992 թ. Կարսում ծնված Սեհեր Չաղլա Դեմիր: ՆԳՆ տվյալներով' Սեհերը 2013 թվականից անդամակցում է Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (ՔԱԿ), ավելի ուշ նա գնացել է Սիրիա և պատրաստություն անցել ԺՄԿ - ԺՊՈՒ կազմում:

Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները Սիրիայի ամենաազդեցիկ քրդական քաղաքական ուժը հանդիսացող ԺՄԿ -ի ռազմական թև ԺՊՈՒ-ին բազմիցս մեղադրել են Թուրքիայում քրդական ինքնավարության համար պայքարող և Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված ՔԱԿ -ի ազդեցության տակ լինելու մեջ:

Մարտի 13-ի երեկոյան Անկարայում տեղի ունեցած պայթյունում 37 քաղաքացիների սպանվելու հետ 125 մարդ վիրավորվել է, որոնցից 15-ի վիճակը շարունակում է մնալ ծանր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular