Սերժ Սարգսյանը հանձնարարականներ է տվել՝ ավտոբուսի վթարի հետ կապված
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայից Երեւան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ այսօր ցավակցական ուղերձ է հղել եւ մի շարք հանձնարարականներ տվել ՀՀ պատկան մարմիններին:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանի ցավակցական ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Խոր ցավով տեղեկացա անցած գիշեր Մոսկվայից Երեւան ժամանող ավտոբուսի վթարի մասին, որի հետեւանքով ունենք մարդկային կորուստներ եւ վիրավորներ: Այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին եւ մերձավորներին: Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:
Դեպքից կարճ ժամանակ անց պատկան մարմինների կողմից ՀՀ Նախագահին զեկուցվել է, որ այսօր վաղ առավոտյան 04.30-ին Բեսլան-Վլադիկավկազ շրջանցային մայրուղու վրա տեղի է ունեցել խոշոր ավտովթար։ Բախվել են Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսն ու ավտոտարը։ Նախնական տվյալներով ավտովթարի հետեւանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 27 մարդ։
Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հանձնարարվել է ՀՀ կառավարությանը եւ ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը՝ հրատապ միջոցներ ձեռնարկել տուժածներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաեւ ամբողջ ծավալով բժշկական օգնություն կազմակերպելու նպատակով: Միաժամանակ հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել զոհվածների եւ տուժածների ընտանիքիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար:
ՀՀ իրավասու մարմիններին հանձնարարվել է կարճ ժամկետներում, ՌԴ իրավապահ մարմինների հետ համագործակցելով, բացահայտել վթարին առնչվող հանգամանքները եւ պատճառները, ներկայացնել համապարփակ տեղեկատվություն:
Նախագահին զեկուցվել է նաեւ, որ Ռոստովում եւ Ռուսաստանի հարավում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչն արդեն գտնվում է դեպքի վայրում եւ Ռուսաստանի համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ զբաղվում է առաջին օգնության ցուցաբերման հարցերով»: