ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շաքե Իսայան . «Բացի ակամա ինքնախոստովանությունը, պետք է նաև հայելու մեջ շիտակ նայել».

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես հայտնի է, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վերջին շրջանում մի շարք հանդիպումնր է ունենում համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով, մեղմ ասած, դժվարին վիճակում հայտնված մի շարք ոլորտների ներկայացուցիչների հետ: Հանդիպում է եղել, օրինակ` հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների հետ, ու նման հանդիպումները պարբերական դարձնելու որոշում էր կայացվել: Օրերս էլ սոցիալական տարբեր խմբերի հետ հանդիպումների շարքը շարունակելով՝ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երաժիշտ-կատարողների հետ՝ իրենց իսկ խնդրանքով։ Զուգահեռ՝ կան իշխանական պատգամավորներ, պաշտոնյաներ, որոնք հանդիպումների շարքը դիտարկում են «քաղաքական դիվիդենտներ հավաքելու» մեջ, զարմանում անգամ, թե ինչու են սոցիալապես տարբեր խմբերի ներկայացուցիչները հանդիպել ոչ թե կառավարության ներկայացուցիչների, այլ Գագիկ Ծառուկյանի հետ: 

Անդրադառնալով վերոնշյալ արձագանքներին՝ Past.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը նախ ընդգծեց.

«Ամեն անգամ միամտաբար կարծում եմ, որ մեր որոշ իշխանականների պահվածքից այլևս զարմանալու տեղ չկա: Սակայն ամեն անգամ նրանք նորովի են զարմացնում: Պարոն Ծառուկյանն արդեն տասնյակ տարիներ գրեթե ամենօրյա ռեժիմով հանդիպումներ, քննարկումներ է ունենում ամենատարբեր գործունեություն ծավալող մեր հայրենակիցների հետ և ոչ միայն: Եվ այսօր էլ բացառություն չէ, երբ տնտեսական ճգնաժամի մեջ գտնվող տարբեր ոլորտների ներկայացուցիչները հանդիպումներ են նախաձեռնում հենց պարոն Ծառուկյանի հետ: Իսկ այդ հանդիպումներին որոշ պաշտոնյաների արձագանքը, մեղմ ասած, ադեկվատ չէ: Ավելին, նրանց արձագանքները, ըստ իս, ակամա ինքնախոստովանություն են ոչ կոմպետենտ լինելու վերաբերյալ: Մասնավորապես, այն հարցապնդումը, թե ինչու՞ են հանդիպել պարոն Ծառուկյանի հետ և ոչ թե իրենց, նշանակում է մեկ բան, որ իրենք միամտաբար խոստովանում են, որ իրենք իրենց տեղում չեն»:

Շարունակելով՝ պատգամավորը հավելեց. «Քանի որ հենց իրենք են այդ մասին բարձրաձայնում, մեզ ոչինչ չի մնում, քան փաստել օբյեկտիվ իրականությունը և անցնել առաջ: Եվ հետո՝ մի փոքրիկ հիշեցում. կառավարության դիմաց պարբերաբար տնտեսապես տուժած ոլորտների ներկայացուցիչներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, և եթե այս մարդկանց ընդունելության անգամ չեն արժանացնում, ապա գոնե մենք այստեղ հաստատ մեղավորություն չունենք: Այնպես որ, բացի ակամա ինքնախոստովանությունը, պետք է նաև հայելու մեջ շիտակ նայել»:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular