Մեղադրյալները պատմել են, թե Կամոյին մահվան օրը լացակումած են տեսել. պատմում է զինծառայողի մայրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏավուշի մարզի մարտական դիրքում մահացած հայտնաբերված 19-ամյա ժամկետային զինծառայող Կամո Մարտիրոսյանի գործով մեղադրյալներից մեկը ասել է, թե Կամոյին մահվան օրը լացակումած վիճակում են տեսել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կամոյի մայրը՝ Լալա Ղազարյանը:
«Պատմել է, թե ծխելուց ա տեսել, լացակումած, հարցրել ա՝ ինչ ա պատահել, ասել ա՝ ինձ մենակ թողեք»,- ասաց Լալա Ղազարյանը:
Լալա Ղազարյանը նշեց, որ չի հավատում մեղադրյալների ասածներին: Նրա խոսքով՝ որդու մահվանից 7 ամիս անց իր մոտ շատ հարցեր անպատասխան են մնացել: Մոր վրդովվմունքն են առաջացրել նաեւ նշանակված դատահոգեբանական փորձաքննությունները:
«Հիմա էլ ասում են՝ Կամոյի հոգեկան վիճակը խախտված ա եղել, թե ինչ: Երբ որ պատվոգիր տվեցին, զինուժով ցույց տվեցին, շեղված չէր: Իմ տղան երբեք չի ունեցել հոգեկան շեղումներ, ե՞րբ հոգեկան շեղում ստացավ: Ես չեմ հավատում փորձագետներին, ես չեմ լռի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ մահացածի մայրը նախկինում NEWS.am-ին պատմել էր, որ ըստ մեղադրյալների՝ Կամոն քնած է եղել դիրքում, հեռախոս է ունեցել իր մոտ, դրա պատճառով էլ վեճ է առաջացել նրա ու մեղադրյալների միջեւ:
Կամո Մարտիրոսյանը մահացել է մարտի 14-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում: Նա մահացել է մարտական դիրքում, կզակի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումից:
Հիշեցնենք, որ ինքնասպանության հասցնելու հոդվածով հարուցված քրգործով 5 մեղադրվող կա՝ 4 ժամկետային, մեկ պայմանագրային զինծառայող:
Ժամկետային զինծառայողներից երկուսին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 360-րդ հոդվածի 1-ին մասով՝ զինծառայողին վիրավորանք հասցնելը, երկուսին՝ 360-րդ հոդվածի 2-րդ մասով՝ (վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադասի կողմից պետի, ինչպես նաեւ պետի կողմից ստորադասի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ):
Պայմանագրային զինծառայողին, որը կոչումով ավագ սերժանտ է, մեղադրանք է առաջադրվել ՔՕ 360-րդ հոդվածի 2-րդ մասով, 365-րդ հոդվածի 1-ին մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը), 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը):
Մեղադրյալները կալանավորված չեն: Նրանց նկատմամբ ընտրվել են տարբեր խափանման միջոցներ՝ հրամանատարության հսկողության հանձնելը եւ ստորագրությունը չհեռանալու մասին: