ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք սրանով փորձ է արվում լուծարել Սահմանադրական դատարանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն անցկացրել է հերթական նիստը, որի ժամանակ կազմակերպչական բնույթի հարցերից զատ, քննարկել է նաև բարձրագույն դատական ատյանների միավորման հարցը: Մասնավորապես՝ Գերագույն դատարանի ստեղծման երկու հայեցակարգերը, որոնցից մեկը մշակվել էր Արդարադատության նախարարության, իսկ մյուսը հանձնաժողովի իրավաբան գիտնականներ Արմեն Մազմանյանի, Լևոն Գևորգյանի, Արսեն Թավադյանի ու «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանի կողմից: Հայեցակարգերի վերաբերյալ Հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց փաստարկներն ու հակափաստարկները, այնուհետև կազմակերպվել է քվեարկություն երկու հարցերի շուրջ՝ որոշելու համար, թե որն է ներառվելու հանրային քննարկման ներկայացվող Հայեցակարգի նախնական տարբերակում։

Հարցերից առաջինը, որին կողմ է քվեարկել նիստին մասնակցող 15 անդամներից յոթը՝ վերաբերել է սահմանադրական արդարադատության համակարգը գործող մոդելի շրջանակում զարգացնելուն, իսկ երկրորդը վերաբերել է սահմանադրական վերահսկողությունը ապակենտրոնացնելուն և բարձրագույն դատական ատյանները միավորելուն: Այս մոտեցմանը կողմ է քվեարկել հանձնաժողովի անդամներից ութը։ Ամփոփելով նիստը՝ որոշվել է Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը ներառել առաջիկայում հանրային քննարկման ներկացվող Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում։

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը 1or.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այս քայլով Սահմանադրական դատարանը լուծարելու փորձ չի արվում նշեց, որ խոսքն ավելի շատ վերաբերում է Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների գործառույթների միավորմանը:

«Հաշվի առնելով մի շարք խնդիրներ՝ հանձնաժողովը մոտ ապագայում մասնագիտական և հանրային քննարկումներ կիրականացնի, որտեղ հայեցակարգի հեղինակները կներկայացնեն իրենց հիմնավորումները և դիրքորոշումները: Այս պահին ավելին ասել չեմ կարող»,- ասաց Կ. Զադոյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular