Սյունիքի մարզում ԼՂՀ «Էներգո» ՓԲԸ-ի աշխատակիցը Mercedes-ով բախվել է ձիուն. 22-ամյա ուղևորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸshamshyan.com -ը գրում է.
Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի քննիչ Ս. Արզումանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հոկտեմբերի 14-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի փաստով։ Ժամը 01։00-ի սահմաններում Կոռնիձոր գյուղի բնակիչ, 25-ամյա Գոռ Մանուչարյանը իր վարած Mercedes մակնիշի 45 MO 500 համարանիշի ավտոմեքենայով Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում բախվել է երթևեկելի ուղեմասում գտնվող ձիուն, ապա դուրս եկել ձախակողմյան կողնակ։
Վթարի հետևանքով ուղևոր՝ համագյուղացի, 22-ամյա Սմբատ Գրիգորյանը մարմնական վնասվածքներով Գորիսի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Հ. Մանուչարյանն աշխատում է ԼՂՀ «Էներգո» ՓԲԸ-ում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: