ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դպրոցներում կունենանք խառնաշփոթ իրավիճակ, դրանից բխող բազմաթիվ հետևանքներով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թեև ծնողների գերակշիռ մասը ցանկանում էին, որ սեպտեմբեր ամսից բոլոր դպրոցները բացվեն, բայց չէին պատկերացնում, որ նախարարության նոր որոշումն է՛լ ավելի կբարդացնի իրավիճակը: Համազգային առցանց ծնողական ժողովի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ եթե սահմանված կանոնները պահպանվեն, ապա երեխաները զերծ կմնան վարակվելուց, բայց հարց է ծագում, թե արդյո՞ք միայն դիմակ կրելով հնարավոր կլինի զերծ մնալ կորոնավիրուսով վարակվելու վտանգից: Դիմակ կրել պարտադրելու փոխարեն լավ կլիներ, որ ուշադրություն դարձվեր դպրոցների սանհանգույցները կարգի բերելու, փականները անհպում դարձնելու և պատշաճ ջրամատակարարում ապահովելու վրա: Բացի այդ, լավ կլիներ հստակեցնել, թե արդյո՞ք երեխաների ծնողներն իրավունք ունենալու են դպրոց մուտք գործել, մուտքի մոտ արդյո՞ք դրվելու են ախտահանման միջոցներ, որպեսզի կանխվի վիրուսի մուտքը հաստատություն:

Բացի այդ, երեխային գրատախտակին մոտենալ արգելելու փոխարեն, լավ կլիներ, որ պարտադիր լիներ հիգիենայի պահպանման այլ կանոն՝ գրատախտակին մոտենալուց առաջ և հետո ձեռքերը ավտոգելով մշակելը ու դասասենյակները հստակ գրաֆիկով ախտահանելը, որն ավելի կարևոր է, բայց, կարծես դրա մասին խոսվում է, որպես հարակից միջոցառում, մինչդեռ պետք է լիներ առաջնային պահանջ:

Ինչ վերաբերում է դասարանները կիսելուն և դասապրոցեսը երկհերթ դարձնելուն, հասկանալի չէ նաև, թե արդեն իսկ երկհերթ դպրոցներում ինչպե՞ս է կազմակերպվելու դասապրոցեսը և արդյո՞ք այս դեպքում բոլոր երեխաները հնարավորություն կունենան հավասարապես իրացնել իրենց կրթություն ստանալու իրավունքը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները, փաստորեն, նախարարությունը բարդել է դպրոցների տնօրենների, ուսուցիչների և երեխաների ծնողների ուսերին, մինչդեռ կարելի էր ուսումնական պրոցեսը կազմակերպել փուլային եղանակով և նույն՝ փուլային եղանակով էլ առաջացած հարցերը կարգավորելով առաջ շարժվել: Իսկ հիմա կունենանք խառնաշփոթ իրավիճակ, դրանից բխող բազմաթիվ հետևանքներով:

Կարինե Միքայելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular