ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անսպասելի տեղեկություն Հայաստանի ուժայինների համար

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

lurer.com-ը գրում է.

Անվտանգության ուժային խնդիր Հայաստանում Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը գրում է, որ Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը քննարկում է ուժային կառույցների ներկայացուցիչների համար կենսաթոշակային ռեֆորմի հարցը, որն ավելի շուտ կնշանակի կենսաթոշակային օպտիմալացում: ՌԴ ֆիննախին ենթակա գիտատեխնիկական ֆինանսական ինստիտուտը փորձում է մշակել այդ ռեֆորմի հիմնավորումը:

Ռեֆորմը, ըստ թերթի, ենթադրում է ուժային կառույցների թոշակի տարիքի հասած աշխատակիցների կենսաթոշակի կրճատում: Խոսքը պաշտպանության նախարարության, ՆԳՆ, ԱԻՆ, Անվտանգության դաշնային ծառայության եւ այլ ուժային կառույցների աշխատակիցների մասին է, որոնք ստանում են այսպես ասած «զինվորական կենսաթոշակ»: Ռուսաստանի տնտեսական ծանր վիճակով պայմանավորված բյուջետային խնդիրները բերել են այդ թոշակներից հրաժարվելու որոշման քննարկման, որ տեղի է ունենում ՌԴ ֆիննախում: Իբրեւ լուծում դիտարկվում է օրինակ որոշակի ֆինանսական փոխհատուցումը` երկամյա ժամկետով, որի ընթացքում նաեւ տվյալ աշխատակիցը կանցնի վերապատրաստման դասընթաց եւ կկարողանա դրանից հետո ապրել՝ այլ ոլորտում աշխատելով: Ռեֆորմի ճակատագիրն իհարկե անորոշ է, հստակ չէ, թե ինչ վերջնական եզրակացություն կտա Պուտինը, ինչպես կարձագանքեն ուժային կառույցների ղեկավարները եւ անձնակազմերը:

Նրանք իհարկե խիստ կդժգոհեն, եւ քիչ է հավանականությունը, որ Կրեմլը հավանության կարժանացնի այդպիսի դժգոհության առիթ հանդիսացող որոշումը: Ընդ որում, խոսքը ոչ թե ներկայում արդեն թոշակ ստացողների թոշակը կրճատելու մասին է, այլ նրանց, ովքեր այժմ աշխատում են այդ համակարգերում եւ պետք է թոշակի անցնեն որոշ ժամանակ անց: ՌԴ ֆիննախը դիտարկում է այդպիսով տարեկան մի քանի հարյուր միլիարդ ռուբլի խնայելու տարբերակը:

Ըստ տարբեր հաշվարկների` 200-ից մինչեւ 700 միլիարդ, կախված այն բանից, թե ինչ շրջանակներ կներառի թոշակի չեղարկումը: Բոլոր դեպքերում, այդ տեղեկությունը կարող է նաեւ բավական դժկամություն եւ դժգոհություն առաջացնել Հայաստանում, քանի որ հայտնի է, որ Հայաստանի ուժային կառույցների շատ ներկայացուցիչներ էլ պաշտոնավարումից հետո «թոշակավորվում» են Ռուսաստանում:

Այդ տեսանկյունից, իրավիճակը սակայն հարաբերական կլինի, եւ Ռուսաստանում կատարվելիք այդ ռեֆորմը կարող է էական նշանակություն ունենալ Հայաստանի ինքնիշխանության համար: Ավելորդ է նկարագրել, թե Հայաստանի ուժային կառույցների աշխատակիցների գործունեության համար ինչ ազդեցություն է այն, որ նրանք կարող են ակնկալել հետպաշտոնեական «թոշակավորում» Ռուսաստանում, առավել եւս, որ խոսքը բարձր թոշակի մասին է:

Պարզ է, որ ուժայինը, ով ակնկալում է բարձր թոշակ ստանալ Ռուսաստանից, իր գործունեության ընթացքում ավելի շատ մտածելու է անել քայլեր, որոնք կարժանանան Ռուսաստանի խրախուսմանը: Այսինքն, ըստ էության ստացվում է, որ միայն այդ հանգամանքը կարող է Հայաստանի ուժային որոշ կառույցների որոշ աշխատակիցների մղել աշխատել ավելի շատ Ռուսաստանի, քան Հայաստանի համար: Եթե Ռուսաստանում իրականություն դառնա ուժայինների թոշակների կրճատման այդ նախագիծը, ապա դա կարող է նշանակել, որ Հայաստանի ուժային կառույցների աշխատակիցների զգալի մասի մոտ կարող է ինքնաբերաբար նվազել «ռուսական մոտիվացիան»:

Դա կունենա իր դրական ազդեցությունը նրանց աշխատանքում Հայաստանի նշանակության աստիճանի զգալի բարձրացման համար: Ինչ խոսք, ինքնին անհեթեթ եւ նոնսենս է, երբ մի պետության ուժային կառույցի որեւէ աշխատակից կարող է աշխատանքային կարիերայից հետո «թոշակավորվել» այլ պետությունում: Դա սակայն մի իրողություն է, որը Հայաստանը քառորդ դար ղեկավարած «էլիտայի» սկզբունքային բացթողումներից մեկն է, որը փաստացի սպառնալիք է ինքնիշխանությանն ու ազգային անվտանգությանը: Եվ այդ իմաստով, խնդրի լուծումը իհարկե պետք է լինի Հայաստանում, Հայաստանի իշխանության որոշման մեջ, որով նախ պետք է բացառվի այլ պետությունում «թոշակավորումը», եւ միաժամանակ իհարկե պետք է Հայաստանի ուժային կառույցների աշխատակիցների համար ապահովվի սեփական պետությունում հանուն պետական շահի եւ անվտանգության աշխատանքի բարձր վարձատրությունն ու հետագա կենսաթոշակը: Դա իսկապես ազգային անվտանգության հարց է բոլոր առումներով:

Բայց Հայաստանի «էլիտան» կառավարում է «պրիմիտիվ գողությունների» սկզբունքով, իսկ այդ կառավարումը բացահայտող ուժային-իրավապահ համակարգ չկա, քանի որ չկա հայկական պետականության հետ կապված գաղափարա-արժեքային գերակա մոտիվացիա` մոտիվացիաները կապված են ռուսական պետականության հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular