ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գազի գողերն ու ոլորտը սեփականացնելու միֆը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տնտեսական վերլուծաբաների և տնտեսական թեմաներ լուսաբանող լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Գազպրոմը վաճառել են, քանի որ գազը գողանում էին: Նա հիշել է նաև Սևանի ափին գտնվող մի գյուղի պատմություն, որտեղ հարյուրից ավելի անօրինական միացումներ են եղել հիմնական գազի խողովակին։ Նախագահի խոսքով՝ ով որտեղից ցանկացել, եռակցումով միացել է հիմնական խողովակին ու գազն օգտագործել, իսկ ծախսված գազի դիմաց վճարվել է բյուջեից:

Հետաքրքիր է, որ այն ժամանակ գազի գողերին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու փոխարեն, որոշում է կայացվել պետական բյուջեից վճարումները կատարել: Բացի այդ, որոշում է կայացվել նաև երկրի համար ստրատեգիական նշանակություն ունեցող ոլորտը վաճառել ու դրանով հարցը փակել, առանց մտածելու հետագայի մասին:

Ի դեպ, սա միակ դեպքը չէ, երբ ստրատեգիական նշանակություն ունեցող ոլորտ է վաճառվել: Այդպես էր նաև կապի դեպքում, երբ մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունը երկար ժամանակ թույլ չէր տալիս, որ կապի այլ օպերատոր մուտք գործի մեր երկիր:

Ուշագրավ է, որ երկար տարիներ է հասարակությանը փորձում են համոզել, որ պետական ձեռնարկություններ ունենալը ոչ միայն անարդյունավետ է, այլև՝ ոչ շահութաբեր: Համոզում են, թե պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման դեպքում միայն հնարավոր կլինի նորմալ զարգացող տնտեսություն ունենալ և երկիր զարգացնել, քանի որ սեփականատերն առավել արդյունավետ է կառավարում ոլորտը:

Մինչդեռ, միայն Չինաստանի օրինակը բավական է պնդելու, որ այդ մոտեցումն, իրականում, միֆ է: Եվ հարցը ոչ թե սեփականության ձևի մեջ է, այլ՝ կառավարման հմտությունների:

Ինչ վերաբերում է մասնավոր, թե՞ պետական բանավեճին, ապա բավական է հիշել վերջին շրջանում մայրաքաղաքի աղբահանության ոլորտի օրինակը, հասկանալու համար, որ պետական հիմնարկի շրջանակներում ծառայություն մատուցելը ո՛չ միայն արդյունավետ է, այլև՝ շահավետ:

Այնպես որ, ճիշտ և արդյունավետ կառավարելու դեպքում բնական է, որ պետական ձեռնարկություններն ավելի արդյունավետ կգործեն, քանի որ պետական հիմնարկների հանդեպ թե՛ հասարակության վերահսկողությունն է ավելի մեծ, թե՛ պատասխանատվությունը:    

 

Արմինե Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular