ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն թուլացնում է դոլարը հետպատերազմյան մեթոդներով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Դաշնային պահուստների համակարգի (ԴՊՀ) նոր քաղաքականության հայտարարությունից հետո ամերիկյան արժույթին նախագուշակվում է թուլացման միտում: ԱՄՆ-ն գիտակցաբար է գնում դրան, որպեսզի օգնի իր՝ սպասվածից ավելի տուժած տնտեսությանը: Սա փորձված հնարք է. այսպես են ամերիկացիները վարվել , օրինակ՝ Երկրորդ աշխարհամարտից հետո: Այս մասին ռուսական Взгляд կայքում իր «США ослабляют доллар послевоенными методами» հոդվածում գրել է լրագրող Օլգա Սամոֆալովան:

Bloomberg-ը կանխատեսում է, որ կորոնավիրուսից հետո դոլարն իենից, ֆրանկից կամ եվրոյից ավելի թույլ կլինի: Անցյալ շաբաթվա վերջում դոլարն էժանացել է՝ հասնելով 2018 թվականի մայիսից ի վեր ամենացածր մակարդակին: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԴՊՀ-ն երկարաժամկետ հիմունքներով հաստատել է ուլտրաստիմուլացնող դրամավարկային քաղաքականությունը: Դա նախկինից ավելի է խթանում գնաճը, ինչը ճնշում կգործադրի դոլարի վրա: Գնաճի արագացումն անհրաժեշտ է տնտեսական աճի խթանման համար:

ԴՊՀ-ի նոր քաղաքականությունը նշանակում է, որ դոլարի ակտիվների եկամտաբերությունը կմնա բացասական, ինչը կարող է դոլարի թուլացման նոր ալիք առաջացնել:

Թույլ դոլարը կարող է շահավետ լինել տուժած ամերիկյան տնտեսության համար:

«Ամերիկյան ապրանքներն ավելի մատչելի կդառնան արտահանման համար»,- գտնում է վերլուծաբան Ելենա Բելյաևան:

Կուպցիկևիչն ասում է, որ ամերիկացիները պետք է ցածր պահեն տոկոսադրույքները, որպեսզի պետական պարտքի սպասարկման ծախսերը վերահսկվեն: Թուլացած դոլարի հաշվին ԱՄՆ-ն կարող է լուծել ազգային պարտքի խնդիրը, որը նախորդ տարի հասել է ՀՆԱ-ի 100%-ի մակարդակին: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն այս տարի ճգնաժամային օգնության հսկայական փաթեթներ ապահովելու համար ռեկորդային քանակով փոխառումներ է կատարել և ծրագրում է նոր ֆինանսական խթանների ներքո՝ նոր վարկեր վերցնել շուկաներում:

«2020 թվականի համավարակի հետևանքներից մեկը դարձել է պետական պարտքի պայթյունային աճը մինչև բարձունքները, որոնք տեսել ենք Երկրորդ աշխարհամարտից հետո: Զարգացած երկրների պարտքի միջին մակարդակը կազմում է ՀՆԱ-ի 120 %-ը: Այն մինչև 100% իջեցնելու համար բավական է տոկոսադրույքների մակարդակը 2% ցածր պահել անվանական աճի տեմպերից, և այն ժամանակ ՀՆԱ-ի նկատմամբ պարտքը 10 տարվա ընթացքում 20%-ով կնվազի»,- նշում է Ռուսեցկին:

Պետական պարտքը նվազեցնելու համար արժույթի թուլացումը ստուգված գործող մեթոդ է: Պատերազմից հետո ԱՄՆ-ն այսպես է վարվել:

«ԴՊՀ-ն 1946-1956 թվականներին վերահսկել է եկամտաբերության կորը, ինչն օգնել է կառավարության պարտքի կեսը ՀՆԱ-ի նկատմամբ հասցնել 62%-ի: Հաջորդող տասնամյակների ընթացքում ազգային պարտքը շարունակել է անկում ապրել, բայց այդ ժամանակ ԴՊՀ-ն այլևս կորը վերահսկելու խիստ քաղաքականություն վարելու կարիք չուներ: Դոլարը կայուն աճին է վերադարձել միայն 1980-ականներին, երբ ԴՊՀ-ն կենտրոնացել է գնաճի դեմ պայքարի վրա: Դա ճիշտ հակառակն է այն բանի, ինչը հիմա անում են»,- հիշեցնում է Ալեքսանդր Կուպցիկեվիչը:

Այս ամենը հիմք է տալիս դոլարի երկարաժամկետ նվազում ակնկալելու համար: Սակայն պետք է հիշել, որ խոսքը գնում է ոչ թե զարգացող երկրների արժույթի, այլ պահուստային արժույթի մասին, ուստի, դոլարի փոխարժեքի կտրուկ անկում չի լինի: Դոլարի թուլացումը կլինի երկար և սահուն:

Կուպցիկեվիչը նշել է, որ դոլարի ինդեքսը սկսել է թուլանալ 2020 թվականի մայիսին: Այս տարվա մարտ ամսից այն նվազել է 10 %-ից պակաս: Նա նաև կանխատեսել է, որ ԱՄՆ-ի համար վատագույն դեպքում տարվա ընթացքում դոլարի ինդեքսը կարող է նվազել 12 %-ով, իսկ հինգ տարի անց մենք կարող ենք ականատես դառնալ դոլարի նկատմամբ եվրոյի պատմական բարձունքներին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը:

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular