ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Die Welt (Գերմանիա). Ինչպես դեղահաբը հեղաշրջեց կանանց սեռական կյանքը

ՖՈՏՈ

1960 թվականի օգոստոսին շուկայում հայտնվեց «Էնովիդ» դեղանյութը, որի օգնությամբ կանայք կարողացան պաշտպանվել հղիությունից: Դեղորայքի պատրաստմանը նպաստել են սկանդալային ֆեմինիստն ու արտասովոր բժիշկը: Այս մասին գերմանական “Die Welt” թերթում գրել է լրագրող Ֆիլիպ Կասսիրը:

Ամեն ինչ սկսվել է 1920 թվականին, երբ ֆեմինիստ բուժքույր Մարգարետ Սենգերի մոտ հորմոնալ պատրաստուկի օգնությամբ՝ հղիությունից պաշտպանվելու գաղափար է առաջացել: 1950 թվականին Նյու Յորքում Սենգերը ծանոթացել է բժիշկ Գրեգորի Պինկուսի հետ, ով Բոսթոնից 65 կմ հեռավորության վրա հորմոնների հետազոտությունների համար լաբորատորիա էր հիմնել: Նախագիծը ֆինանսավորելու հարցում նրան օգնել է կենսաբան Քեթրին Մակկորմիկը: Վերջինս բավականին համեստ ներդրում է արել, ինչի մասին Պինկուսն ավելի ուշ ասել է, որ չնայած դա ծիծաղելի գումար էր՝ ինքն, այնուամենայնիվ, համաձայնել է աշխատել:

Դեղահաբի մշակման գործընթացի կարևորագույն խնդիրն էր՝ գտնել կանացի հորմոններ էստրոգենների և գեստագենների այնպիսի կոմբինացիա, որը նվազագույն կողմնակի ազդեցություններ կառաջացներ: Հորմոնները կանխում էին ձվազատումը (овуляция), ինչպես նաև սպերմատոզոյիդների՝ արգանդ ներթափանցելը:

1957 թվականին դեղորայքի արտադրությունը թույլատրվել է: Հատկանշական է, որ այն պաշտոնապես հայտարարվել է որպես դաշտանային ցիկլի խանգարումների դեմ պայքարի միջոց:

1960 թվականին ԱՄՆ-ի դեղատները սկսել են «Էնովիդը» վաճառել՝ որպես հակաբեղմնավորիչ: Որոշ ժամանակ անց «Թայմ» ամսագրի համարներից մեկում գրվել է, որ «Էնովիդը» ԱՄՆ-ի բնակչության զգալի մասի սեռական կյանքն ավելի ազատ է դարձրել, և որ ապագայում նույնը տեղի կունենա մի շարք այլ երկրներում:

Գերմանիայում «Շերինգ» ընկերությունը սկսել է դեղորայքը վաճառել «Անովլար» անվան տակ: Սկզբում բժիշկներն այն նշանակել են միայն ամուսնացած կանանց, ովքեր շատ երեխաներ են ունեցել: Հաբի ընդունման մեթոդը վերարտադրել է կանանց դաշտանային ցիկլը. հաբը պետք էր ընդունել երեք շաբաթ անընդմեջ, այնուհետև մեկ շաբաթ դադար տալ:

1968 թվականի հուլիսի 25-ին Հռոմի Պապ Պողոս VI-ը հավատացյալներին արգելել է օգտագործել արհեստական հակաբեղմնավորիչներ: Աշնանը Պապը եպիսկոպոսներին խնդրել է արտահայտել սեփական կարծիքը, ինչի արդյունքում պարզվել է, որ 25-ից միայն 7-ն էր դեմ հղիության արհեստական ընդհատմանը: Պապը, սակայն, կիսել է փոքրամասնության կարծիքը:

Բարձրագույն հոգևորականները չեն կարողացել ժխտել իրավիճակի անհեթեթությունը, երբ ժուժկալ կենսակերպ վարելու երդում տված՝ հիմնականում՝ տարեց տղամարդկանց հավաքը որոշումներ էր կայացնում երիտասարդ կանանց սեռակա կյանքի վերաբերյալ:
Այսպիսով, դեղահաբը դարձել է պաշտպանվելու ամենահուսալի միջոցը, հատկապես՝ համատեղ ապրող զույգերի համար:

Այժմ կողմնակի ազդեցությունների շուրջ նոր քննարկումներ են ծավալվում. հորմոնալ համակարգին միջամտելը կարող է ցավ, թրոմբոզ և ընկճվածություն առաջացնել, բացի դրանից, դեղամիջոցի ընդունման հետ կապված՝ մահվան դեպքեր են գրանցվել: Տղամարդկանց համար հաբեր մշակելու փորձերն անհաջող են եղել, քանի որ փորձարկվողները չեն դիմացել վառ արտահայտված կողմնակի ազդեցություններին:

Անվիճելի է, որ սա դժվարությամբ տարած հաղթանակ է, որն ապացուցում է՝ փոփոխությունները միշտ հնարավոր են, նույնիսկ երբ ժամանակի ոգին դրանք անհնարին է դարձնում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը:

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular