ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտնականները պարզել են դինոզավրերի կշիռը

ՄՇԱԿՈՒՅԹ

РИА Новости-ն հաղորդել է, որ Ավստրալիայի և Կանադայի հետազոտողները մշակել են դինոզավրերի կշռի գնահատման մեթոդ: Նրանք գտնում են, որ հանրահայտ տիրանոզավր  Tyrannosaurus rex-ը կշռել է մոտ 7 տոննա: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Biological Reviews ամսագրում:

Պալեոնտոլոգները վաղուց փորձում են 66 մլն տարի առաջ ոչնչացած դինոզավրերի մարմնի քաշի գնահատման եղանակ գտնել: Դինոզավրերից պահպանվել են միայն ոսկորների մնացորդները, որոնց օգնությամբ կարելի է դատել միայն կենդանիների չափերի, և ոչ կշռի մասին:

Նոր Անգլիայի համալսարանի պալեոգիտության հետազոտական կենտրոնի դոկտոր Նիկոլաս Կամպիոնը նշել է, որ չափն ու կշիռը որոշում են կենդանու կյանքի գրեթե բոլոր ասպեկտները՝ ներառյալ նրա սննդակարգը, բազմացումն ու տեղաշարժը: Նա գտնում է, որ դինոզավրի կշռի գնահատումը ամուր հիմք կլինի նրանց կենսակերպի ուսումնասիրման համար: «Մենք պետք է համոզված լինենք, որ ճիշտ ենք վերարտադրում այս նախապատմական կենդանիների պատմությունը»,- ասել է դոկտորը: Սա վերաբերում է հատկապես զանգվածային դինոզավրերին, որոնք նմանը չունեն ժամանակակից աշխարհում:

Բրածո կենդանիների զանգվածի գնահատման երկու հիմնական միջոց կա՝ մասշտաբայնացում և վերակառուցում: Առաջինը համեմատում է ոսկորների չափերը, օրինակ՝ բազուկոսկրի կամ ազդրի շրջագիծը համեմատում են ժամանակակից ողնաշարավոր կենդանիների ոսկորների հետ, ինչը թույլ է տալիս եզրակացնել նրա վերջույթների, ինչպես նաև մարմնի մյուս մասերի ծավալի և կշռի մասին: Երկրորդ դեպքում գիտնականները սկզբում ստեղծում են եռաչափ վերակառուցումներ, ապա մոտավորապես որոշում են քաշը:

Դոկտոր Կամպիոնեն նշել է, որ երկու եղանակները միմյանց լրացնում են և դրանց համատեղ կիրառումը շատ ավելի հստակ գնահատելու հնարավորություն է տալիս:
Հոդվածի հեղինակները գտնում են, որ հասուն տիրանոզավրը կշռել է մոտ 7 տոննա: Այս գնահատականը համաձայնեցվել է թե՛ վերջույթների վերակառուցման, թե՛դրանց մասշտաբայնացման եղանակներով: Գիտնականները նշել են, որ նրա քաշը կարող էր տատանվել 5-10 տոննայի սահմաններում, քանի որ ինչպես մարդիկ, այնպես էլ տիրանոզավրերը տարբեր են եղել:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular