ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի անհասկանալի պահվածքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես հայտնի է՝ օգոստոսի 30-ին Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը դարձավ 60 տարեկան։ Ըստ էության՝ նախագահ Սահակյանին 60-ամյակի կապակցությամբ ՀՀ ղեկավարությունից շնորհավորել է միայն Արմեն Սարգսյանը։ Իսկ Արարատ Միրզոյանից, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանից ո՛չ մի շնորհավորանք, ո՛չ մի խոսք։ Մինչդեռ վարչապետ Փաշինյանի պաշտոնական կայքէջի տվյալներով նա շնորհավորական ուղերձներ ու ցավակցական հեռագրեր է հղել` ում կարողացել է և բոլոր հնարավոր ու անհնարին առիթներով։

Ուսումնասիրելով այդ մոտ երեք տասնյակի հասնող շնորհավորանքների խմբաքանակաը` այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանն այս կերպ սին պատրանք է ուզում ստեղծել, թե աշխարհի հետ ինտենսիվ կապեր ունի և իրազեկ է աշխարհում տեղի ունեցող անցուդարձին։ Այս նկրտումն են հաստատում նաև նրա հղած ցավակցական հեռագրերը. Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային՝ Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի, Ճապոնիայի վարչապետ Աբե Շինձոյին` Կյուշու կղզուն պատուհասած ավերիչ ջրհեղեղի և սողանքների հետևանքով տասնյակ մարդկային զոհերի և նմանօրինակ մոտ մեկ տասնյակից ավելի ցավակցականներ:

Այս ամենը կարելի կլիներ բացատրել արարողակարգի ու ֆորմալության առումով՝ գործող-չգործող, տարբերություններով եթե ընդամենը երկու ամիս առաջ՝ հուլիսի 6-ին Փաշինյանը շնորհավորական ուղերձ հղած չլիներ Ղազախստանի Հանրապետության առաջին և արդեն նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Այնուհանդերձ` Նիկոլը ժամանակ չի գտել կամ պատշաճ չի համարել շնորհավորել ընդամենը երեք ամիս առաջ Արցախի նախագահի պաշտոնը թողած Բակո Սահակյանի 60-ամյա հոբելյան տարեդարձը։ Եվ սա այն դեպքում, երբ ինքն էր Արցախի հրապարակներում գոռում, թե «Արցախը Հայաստան է և վերջ», թե ոչ ոք երբեք իրենից ավելի չի հարգել Արցախն ու արցախցուն, թե իրենից շատ ոչ ոք չի մտահոգվել Արցախի հոգսերով և իրենից ավելի ոչ ոք ուշադրությունը չի բևեռել Արցախի հիմնահարցին։

Մինչդեռ Արցախը 13 տարի անձնվիրաբար, պատվով ու հարգանքով ղեկավարած նախագահի նկատմամբ Փաշինյանի այսպիսի վերաբերմունքը իր իսկ խոսքերն ու պնդումներն է արժեզրկում։ Գուցե սա է հենց Բակո Սահակյանի լոյալության ու տոլերանտության, որևէ խնդիր չհարուցելու և իրեն բոլոր հարցերում ընդառաջելու փաշինյանական գնահատականը։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular