ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ԱԳՆ-ը խորհուրդ է տալիս ռուսաստանցիներին չմեկնել Թուրքիա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկ անգամ եւս կոչով դիմել է ռուսատանցի քաղաքացիներին զերծ մնալ զբոսաշրջային նպատակով Թուրքիա ճանապարհորդություններից:
Ինչպես հաղորդում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, Զախարովան ընդգծել է, որ Թուրքիա զբոսաշրջային նպատակներով այցելություններից ՌԴ ԱԳՆ հանձնարարականները շարունակում են մնալ ուժի մեջ, քանի որ այնտեղ գտնվելն «իրապես կապակցված է առողջության եւ կյանքի սպառնալիքի հետ»:
Զախարովայի խոսքով` Թուրքիան նախկինի պես պատկանում է այն երկրների թվին, որտեղ այցելությունը ռուսաստանցի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում:
«Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ Թուրքիայի հարավարեւելքում ինտենսիվ մարտական բախումներ են ընթանում թուրքական անվտանգության ուժերի եւ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինված ջոկատների միջեւ», -նշել է նա:
Դիվանագետը նաեւ հավելել է, որ Թուրքիայում խիստ մեծացել է խոշոր քաղաքներում ահաբեկչական գործողությունների թիվը:
«2015 թվականի հոկտեմբերից մինչեւ 2016 թվականի մարտ միայն Անկարայում եւ Ստամբուլում 200-ից ավելի մարդ է զոհվել, որոնց թվում կան նաեւ արտասահմանյան զբոսաշրջիկներ», -ասել է Զախարովան:
Թուրքական ԶԼՄ-ները նշում են, որ պաշտոնական տվյալներով` այս տարվա փետրվարին Ստամբուլ 17 հազար մարդ ավելի քիչ է այցելել, քան հունվարին: Ընդ որում, զգալի նվազում դիտվել է ռուսաստանցի տուրիստների մեջ, նրանց հոսքը կրճատվել է երկու անգամ:
Զբոսաշրջությունից Թուրքիայի եկամուտները կազմում են այդ երկրի ՀՆԱ-ի 4,5 տոկոսը: 36 մլն արտասահմանցիներից, որոնք Թուրքիա են այցելել 2015 թվականին, 3,7 մլն-ը եղել են ռուսաստանցի զբոսաշրջիկները: Մոսկվայի եւ Անկարայի միջեւ քաղաքական ճգնաժամի պատճառով Ռուսաստանից այցելությունների լուրջ անկում է սպասվում: Գերմանիայի տուրիստական օպերատորները եւս հայտնում են թուրքական հանգստավայրերի նկատմամբ պահանջարկի անկման մասին, որը հասել է 40 տոկոսի:
Թուրքիայի զբոսաշրջության նախարարության տվյալներով` 2016 թվականին երկրի զբոսաշրջային հատվածը կկորցնի մոտ 7,5 մլրդ դոլար (ըստ ՌԴ-ի կանխատեսումների` 9 մլրդ դոլար): Ռուսաստանցի եւ գերմանական զբոսաշրջիկները կազմում են Թուրքիայի միջերկրածովյան ափ այցելող տուրիստների ընդհանուր թվի 55 տոկոսը:
Դրա հետ միասին, Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատունը եւս քաղաքացիներին զգուշացրել է Թուրքիայում արտասահմանյան զբոսաշրջիկներին ուղղված հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular