ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինացի և ռուս հակերներն ամերիկյան համալսարանների ցանցերը կոտրելով՝ տեղեկություններ են կորզում պատվաստանյութի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Չինական հետախուզության հակերները փորձել են տվյալներ գողանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մասին: Նրանք ոչ միայն թիրախավորել են դեղագործական ընկերությունները, այլև առաջավոր հետազոտություններով զբաղվող Հյուսիսային Կարոլինայի համալսարանում և այլ ինստիտուտներում զբաղվել են թվային հետախուզությամբ:Այս մասին հաղորդվել է ամերիկյան հանրահայտ «The New York Times» ամսագրի հոդվածում:

Ռուսաստանի առաջատար հետախուզական ծառայությունը նույնպես թիրախավորել է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեծ Բրիտանիայում պատվաստանյութերի հետազոտության ցանցերը: Միջազգային օպտիկամանրաթելային մալուխների միջոցով, բրիտանական հետախուզական գործակալությունը բացահայտել է նրանց լրտեսական աշխատանքը:
ԱՄՆ-ն սկսել է ավելի ակտիվորեն հետևել հակառակորդների լրտեսությունը, ինչպես նաև ամրապնդել է սեփական պաշտպանությունը:

«Զարմանալի կլիներ, եթե նրանք չփորձեին գողանալ ներկա պահին իրականացվող ամենաարժեքավոր կենսաբժշկական հետազոտությունները»,- անցյալ ամիս Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում տեղի ունեցած միջոցառումների ժամանակ Չինաստանի մասին ասել է Արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Ջոն Դեմերսը: «Ֆինանսական տեսանկյունից դրանք արժեքավոր են և անգին՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից»:

Ամերիկյան հետախուզական գործակալություններն ուշադրությամբ հետևում են Չինաստանի գործողություններին միջազգային գործակալությունների՝ այդ թվում նաև ՀԱԿ-ի ներսում:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Հյուսիսային Կարոլինայի համալսարանից բացի, չինացի հակերները փորձել են կոտրել նաև այլ ամերիկյան համալսարանների ցանցեր: Պարոն Դեմերսն իր ելույթի ընթացքում ասել է, որ Արդարադատության բացահայտած հուլիսյան դեպքից բացի «բազմաթիվ ներխուժումներ» են եղել: Հիշեցնենք, որ հուլիսյան բացահայտման արդյունքում երկու հակերներ մեղադրվել են Չինաստանի պետական անվտանգության լրտեսական ծառայության օգտին ամերիկյան ընկերությունների պատվաստանյութերի և հետազոտությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով աշխատանք ծավալելու մեջ:

Համակարգչային հակերությունից բացի, Չինաստանը նաև այլ ներխուժումներ է իրականացնում: Կառավարության որոշ պաշտոնյաներ կարծում են, որ չինացիները փորձում են օգուտ քաղել ամերիկյան համալսարանների հետ ունեցած հետազոտական գործընկերություններից:

Չինական հետախուզության պաշտոնյաները կենտրոնացել են համալսարանների վրա մասամբ այն պատճառով, որ գտնում են, թե այդ կառույցների պաշտպանությունն ավելի թույլ է, քան դեղագործական ընկերություններինը: Որքան գիտնականները շատ պոտենցյալ պատվաստանյութեր և հակավարակային պատրաստուկներ են ներկայացնում փորձագիտական գնահատման համար, այնքան լրտեսական աշխատանքն ավելի ակտիվ է, և այնքան ամերիկյան հակառակորդների՝ պատվաստանյութերի բաղադրության և դրանց մշակման ռազմավարության բացահայտման հնարավորությունները մեծանում են:

Առայժմ արտասահմանյան լրտեսներին հաջողվել է քիչ տեղեկատվություններ քաղել ամերիկյան բիոտեխնոլոգիական ընկերություններից, որոնց վրա նրանք կենտրոնացել են՝ «Gilead Sciences», «Novavax» և «Moderna»:

Բրիտանական, ամերիկյան և կանադական հատուկ ծառայությունների կողմից հուլիսին բացահայտված ռուսական փորձերն առաջին հերթին ուղղված են եղել Օքսֆորդի համալսարանի և նրա դեղագործական գործընկեր «AstraZeneca»-ի հետազոտական տվյալների հավաքագրմանը:

Բացահայտված հակերային հարձակումների արդյունքում տվյալների հափշտակության մասին ոչ մի համալսարան կամ ընկերություն չի հայտնել: Ըստ հետախուզության պաշտոնյաների՝ ռուս և չինացի հակերներն ամեն օր ստուգում են համակարգչային ցանցերի խոցելիությունը՝ հնարավորության դեպքում պաշտպանությունը կոտրելու և ներխուժելու համար: Իրավիճակը շատ լարված է:

Որոշ պաշտոնյաներ մտահոգություն են հայտնել, որ հակերության հետագա փորձերը կարող են վնասել պատվաստանյութի ստեղծման ջանքերին: Նոր տվյալների ձեռքբերման փորձերի ընթացքում հակերները կարող են պատահմամբ կամ գիտակցաբար վնասել հետազոտական համակարգերը:

Թե՛ Ռուսաստանը, թե՛ Չինաստանն արդեն ապատեղեկատվություն են տարածել վարակի, դրա ծագման և ԱՄՆ-ի արձագանքի վերաբերյալ: Մասնավորապես՝ ռուսական հատուկ ծառայությունները հիմք են ստեղծում Արևմուտքում հակապատվաստանյութային շարժումն էլ ավելի սրելու համար, իսկ լրտեսության մեղադրանքները նրանք կիրառում են, որպեսզի իրենց հռետորաբանությունն դարձնեն ավելի ծանրակշիռ:



Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը:

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular