ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գնաճ․ ինչո՞ւ են լռում իշխանությունները

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վերջերս վիճկոմը հրապարակել է սպառողական գների հուլիս ամսվա տվյալները։ Անդրադառնանք դրանցում առկա գյուղմթերքների՝ մրգի և բանջարեղենի գներին, որոնց երկրաչափական պրոգրեսիայով աճի ականատեսն ենք։ Հրապարակած տվյալներում երևում է, որ այս տարվա հունիս և հուլիս ամսիներին բանջարեղենի և հատկապես մրգերի գները էապես գերազանցել են նախորդ տարվա նույն ամիսների գներին։

Հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ բանջարեղենը 4,6 տոկոսով է ավելի թանկ եղել, իսկ հուլիսին անցած տարվա հուլիսի համեմատ՝ 5,4 տոկոսով։ Մրգի գները այս տարվա հունիսին անցած տարվա հունիսից ավելի բարձր են եղել 14,2 տոկոսով, իսկ այս տարվա հուլիսին անցյալ տարվա հուլիսի համեմատ՝ 33,6 տոկոսով։ Ուշագրավ է, որ առավել թանկ են եղել ամենից շատ սպառվող մրգերի և բանջարեղենի գները։ Այսպես, լոլիկի գինը հունիսին 37,2 տոկոսով է թանկ եղել անցած տարվա հունիսի համեմատ, հուլիսին՝ 28,9 տոկոսով անցած տարվա հուլիսի համեմատ։ Վարունգի գները գրեթե անփոփոխ են մնացել, իսկ ահա սմբուկինը նույնպես հունիսին՝ 41,7 տոկոսով, հուլիսին՝ 27,2 տոկոսով է թանկ եղել նախորդ տարվա նույն ամիսների համեմատ։

Ընդգծենք, որ մրգից այս տարի թանկության «շքերթը» գլխավորում է խնձորը՝ հունիսին 84,8 տոկոսով, հուլիսին 120,3 տոկոսով ավելի թանկ լինելով նախորդ տարվա ամռան նույն ամիսների համեմատ։ Ծիրանի գները հունիսին ավելի թանկ են եղել 2,2 տոկոսով, իսկ ահա հուլիսին՝ 28,8 տոկոսով։ Ելակը հունիսին թանկացել է 39,2 տոկոսով, հուլիսին՝ 36,5 տոկոսով, կիտրոնը հունիսին թանկացել է 40,1 տոկոսով, հուլիսին՝ 21,6 տոկոսով Չգիտես` ինչո՞ւ, վիճկոմը առանձին տեսակների մրգերի մեջ չի նշել դեղձի և սալորի գները, որոնք նույնպես խնձորի գների պես այս տարի թռիչքային աճ են ունեցել անցած տարվա համեմատ։ Հանուն արդարության փաստենք նաև, որ շուկայում էժանացած մրգեր նույնպես կան։ Օրինակ՝ հուլիսին էժանացել է 2018 թ․-ի «հեղափոխական» միրգը՝ բանանը, ինչը պայմանավորված է բացառապես նրա միջազգային գներով։ Նաև նուռը, որը դարձյալ ներմուծվող միրգ է, քանի որ հայկական նռան բերքը հասնում է միայն աշնան սկզբին։ Բանջարեղեից էժանացել են խառը կանաչին և կանաչ սոխը, գազարը և սունկը, կարտոֆիլն ու գլուխ սոխը։

Ինչպես ասում են, «ականջդ կանչի» ընդդիմադիր Նիկոլ Փաշինյան, բա ինչո՞ւ հիմա չես ասում «դուք մարդկանց ասում եք՝ խնձոր ու դեղձ մի կերեք, խառը կանաչի ու կանաչ սոխ կերե՞ք»։ Հիմա արդեն դա այժմեական չի՞։ Նախկինում աննշան գնաճից բողոքը չթաքցնող այդ հատվածը, որը հիմա իշխանության ղեկին է, ձկան նման լուռ է և կարծես` չի նկատում առաջին անհրաժեշտության այս ապրանքների կտրուկ թանկացումը։ Հավանաբար, ինչպես ասել էր նրանցից մեկը՝ «թեկուզ հացը 1000 դրամ կդառնա, կարևորը, որ Նիկոլը լինի վարչապետ»։ Իշխանությունն էլ ոչ միայն չի խոստովանում, որ միրգ-բանջարեղենի կտրուկ գնաճը իր անփույթ կառավարման և կոպիտ սխալների հետևանքն է, այլ նաև գյուղատնտեսության մեջ աճ է պատկերում։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular