ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամատունի Վիրաբյան. «Աշխատակիցները վաղվանից գործադուլ կանեն, եթե թույլ տամ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախարարը, հավանաբար, ինձ չի վստահում, դրա համար էլ ազատել է աշխատանքից:

Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը տեղեկացրեց, որ իր աշխատանքից ազատման մասին տեղեկացել է մի քանի ժամ առաջ, երբ հրամանը ստացել է էլեկտրոնային փոստով:

«Ազատման պատճառի մասին տեղյակ չեմ»,-ասաց պարոն Վիրաբյանը: Նաեւ հավելեց. «Աշխատակիցները շատ վատ են մտածում այդ հրամանի մասին, ու եթե թույլ տամ, վաղվանից գործադուլ կանեն, բայց թույլ չեմ տալիս»

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանով՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարչության 2002 թ օգոստոսի 22-ի համար 1406 N որոշման 5-րդ կետը եւ արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետ Դ. Գասպարյանի 2020 թ. սեպտեմբերի 7-ի զեկուցագիրը՝ դադարեցվել են Ամատունի Վիրաբյանի լիազորությունները եւ լուծվել է 2015թ նոյեմբերի 27-ին կնքված պայմանագիրը:

Հայաստանի ազգային արխիվում նաեւ իրականացվել էին  մի քանի համալիր ստուգումներ,իսկ 15.11.2018-ին կազմված ստուգման ակտով արձանագրվել էր 742413614 ՀՀ դրամ հարկային պարտավորություն, իսկ պարոն Վիրաբյանի նկատմամբ կիրառվել էր վարչական տույժ՝ նշանակվել տուգանք 15000 դրամի չափով: Պարոն Վիրաբյանն ասաց, որ գումարը փոխհատուցվել է:

Հարցրինք՝ եթե իր պայմանագիրն ավարտվում էր նոյեմբերին, իր կարծիքով ինչո՞ւ ժամանակից շուտ ազատեցին աշխատանքից: «Նախարարը ինձ չվստահում, այսպես կասեմ…Չեմ կարող ասել, թե որն է պատճառը, առիթ կլինի՝ իրեն հարցրեք, թե ինչու են ազատել աշխատանքից»,-ասաց Հայաստանի ազգային արխիվի՝ ազատված տնօրենը:

Երբ հիշեցրինք, որ երկու տարի առաջ եւս իրենից ուզում էին ազատվել, այս մասին էլ նշեց. «Այո, կար նման բան, ուղղակի երկու տարի առաջ չհամարձակվեցին ազատել, հիմա անում են»: Հարցրինք՝ չի՞ պատրաստվում ինչ-որ կերպ վիճարկել նախարարի հրամանը, Ամատունի Վիրաբյանը պատասխանեց. «Դեռ չգիտեմ, այդ մասին իմացել եմ ընդամենը չորս ժամ առաջ՝ էլեկտրոնային փոստով ծանուցվելով»:

Նաեւ նշեց, որ տեղյակ չէ՝ իր փոխարեն «յուրային» մեկին են ուզում նշանակել, արդյոք համապատասխան մարդ ունեն պաշտոնի համար:

 Գոհար Հակոբյան





Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular