ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցավալի է, բայց փաստ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի օրերս տեղի ունեցած մարզային այցը դարձյալ զերծ չմնաց աղմկահարույց հայտարարությունից ու հանրության դժգոհության ալիքից, որ չի հանդարտվում մինչ օրս։ Ըստ էության՝ Փաշինյանը համառորեն ցանկանում է «անհասկացող» ժողովրդին հասկացնել, որ եթե մի շիշ օղի քիչ խմի, մի տուփ սիգարետ քիչ ծխի ու այդ խնայված գումարներով հարկեր վճարի, ապա դա մեր երկրի զարգացմանը կնպաստի, մեր ճանապարհները կասֆալտապատվեն։ Փաշինյանը մի դեպքում էլ թմբկահարում է ՀԴՄ կտրոնները պահանջելու կարևորությունը, որ դա զինվորի հացից է գողացվում, մեկ այլ դեպքում մեկ այլ օրինակ է բերում՝ հարկերը վճարելու, մեկ այլ սրտաճմլիկ հիմնավորումով։ Փաստացի մենք տևական ժամանակ զրկված ենք եղել անկախ պետականությունից, մեր երկիրը մասերի բաժանված է եղել ու ամեն մեկը մի աշխարհակալ պետության ձեռքից մյուսին անցել։ Մենք հարկը համարել ենք, որ տալիս ենք օտարին, մերը նա է, որ տանը մնացել է, կամ օտարից թաքցրել ենք։

Եթե Փաշինյանը մեզ համոզեր, թե ինչ ծանր բեռի տակ են մտած մեր նախարարները, որ լուծում են այնպիսի լրջագույն հարցեր, որ հարյուր հազարավոր մեր քաղաքացիների վիճակը կթեթևանա դրանից, ես ինքս կպահանջեի, որ նախարարները ոչ թե 3000 դոլար ստանան, այլ առնվազն 10․000 դոլար, որպեսզի ավելի արդյունավետ աշխատեն, չէ՞ որ իրենք ընդամենը մի քանի հոգի են, բայց լուծելու են մի քանի հարյուր հազար մեր քաղաքացիների հարցերը։ Բայց սա չի ասվում վարչապետի կողմից ու ցույց չի տրվում նրանց արած կարևոր գործը, եթե անգամ մեզ համար նկատելի չէ, այլ ասվում է, որ եթե չվճարենք մեծ գումարներ, ապա կգողանան կամ կթաղվեն կոռուպցիայի մեջ։ Այսինքն, մեր երկրում հեղափոխական թիմում չկա գեթ մեկը, որ կհամաձայնի նախարարական բարձր աշխատավարձով աշխատել առանց բարձր պարգևավճարի ու չգողանա՞լ, այն էլ պանդեմիայի պարագայում։

Պարզվում է այդպիսին չկա մեր ողջ երկրում, քանի որ վարչապետը չի գտնում կամ գուցե չի ցանկանում գտնել։ Այսինքն` շարքային քաղաքացուն ասում ենք, որ մեր իշխանական ու հանրային վերնախավը կա՛մ գող են, կա՛մ էլ պոտենցիալ գող, որ եթե փայը չտանք կգողանա՞։ Այս կե՞րպ ենք մեր շարքային քաղաքացուն բացատրում, որ սա իր իշխանությունն է, որ սա իր պետությունն է, որ ինքն է տերը այս երկրի, երբ պետք է կաշվից դուրս գալով հարկեր վճարի, որպեսզի գցեն իր իսկ կողմից ձևավորված ժողովրդական իշխանության կառավարիչների բերանը, որ չգողանա՞ն։ Այ սա չի հասկանում Փաշինյանը, թե իր այս քայլով ինչ հրեշավոր հարված հասցրեց մեր հանրության գիտակցությանը, նրա պետական մտածողությանը։

Իսկ հասարակ ժողովուրդը, կարծում եմ, մի բան չի հասկանում, որ այսպես երկար շարունակել անհնար է, որ մեր երկիրն ու մեր ժողովուրդն այդ ռեսուրսը չունի, որ դիմանա այս դիլետանտ իշխանությանը, որը մեր երկրի զարգացման ոչ մի ծրագիր էլ չունի, այլ միան մտածում է, թե որտեղից գումար քերի, որ իր թիմով մեջ-մեջ անի։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular