«Ժողովուրդ»․ Հայտնի է ՍԴ դատավորների ընտրության օրը. թեժ նիստ է սպասվում
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Երեկ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կրկին հավաքվել և նիստ է արել, սակայն Սահմանադրական դատարանի անդամների ընտրության շուրջ կրքերը չեն հանդարտվում: Նախ նշենք՝ Սահմանադրական դատարանի անդամների ընտրության օրը հայտնի է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սահմանադրական դատարանի երեք անդամների ընտրությունը կկայանա հենց սեպտեմբերի 14-ին՝ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկի առաջին օրը: Ընդ որում, երեք անդամների ընտրության հարցը քննարկվելու է նիստի ամենասկզբում, և քվեարկությունն էլ կկատարվի նույն օրը: Ինչպես հայտնի է, մինչև այժմ բուռն քննարկումներ էին ընթանում հատկապես Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի թեկնածության շուրջ, ում մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա մասով քննարկումները երեկ կրկին թեժ են եղել, և խմբակցությունը վերջնական որոշում այդպես էլ չի կայացրել. չի բացառվում, որ կոնկրետ այս թեկնածուի մասով ազատ քվեարկություն տեղի ունենա: Իսկ, ահա, նախագահի կողմից առաջադրված Արթուր Վաղարշյանի թեկնածությունն «Իմ քայլ»-ի համար ի սկզբանե էր տարօրինակ եղել, և երեկ որոշում է կայացվել դեմ քվեարկել նրան, և չնայած կառավարության կողմից առաջադրված թեկնածու Էդգար Շաթիրյանի հարցը խորհրդարան հասավ միայն երկրորդ փորձից հետո, սակայն նրա հանդեպ դրական տրամադրվածություն է առկա, և նա միանշանակ կընտրվի այդ պաշտոնում:
Հավելենք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 141-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: 132 պատգամավոր ունեցող այս խորհրդարանի պարագայում այդ թիվը 79 է կազմում: Այսինքն՝ այդքան պատգամավոր պետք է կողմ լինի թեկնածուին, որպեսզի նա դառնա Սահմանադրական դատարանի դատավոր: Այս պահին միանշանակ է, որ երեք թեկնածուներից ընտրվելու է Էդգար Շաթիրյանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: