ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում Իրանի դեսպանի հայտարարությունը նորություն չէ և կապ չունի Արցախի հարցի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանում ԻԻՀ դեսպանն օրերս հայտարարեց, որ իրենք սատարում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Դեսպանի հնչեցրած տեսակետը հայկական որոշ շրջանակների կողմից ընկալվեց, որպես Իրանի կողմից Արցախի հարցում՝ նախկինում որդեգրած չեզոքության պահպանման փոփոխություն, որը կարող է նաև իր անդրադարձն ունենալ երկու երկրների միջև առկա բարիդրացիական դիվանագիտական հարաբերությունների վրա:

Իրանագետ Գոհար Իսկանդարյանն անդրադառնալով այս հարցին՝ 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ ԻՀՀ-ի դեպանը իր հայտարարությամբ որևէ նոր բան չի ասել, նման հայտարարությունը նորություն չէ և իրականում դրանով որևէ պայմանավորվածություն կամ մոտեցում չի փոխվել:

«Դա նորություն չէ և ինչպես աշխարհի շատ երկրները, այնպես էլ Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես հայտարարել է, որ պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Բայց պետք է հաշվի առնել, որ երբ Ադրբեջանն անկախացել է, Լեռնային Ղարաբաղը դրա մաս չի կազմել: Բացի այդ, Արցախի Հանրապետությունը երբևէ նորանկախ Ադրբեջանի մաս ևս չի կազմել: Ավելին ասեմ, Ադրբեջանի Հանրապետությունն իրեն հռչակել է, որպես 1918 թվականի Ադրբեջանի իրավահաջորդ: Այդ ժամանակ ևս Արցախը չի եղել Ադրբեջանի տարածքի մի մասը: Այսինքն, ստացվում է, որ որևէ կերպ Ադրբեջանը չի կարողանում «ժառանգել» Արցախը, քանի որ իրավական առումով Արցախը երբևէ չի եղել Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս: Եվ այսօր նման հայտարարությունները տարակուսանք չեն կարող առաջացնել մասնագետների մոտ: Եվ, շատ նորմալ է, որ այլ պետություններ պաշտպանում են Ադրբեջանի այն տարածքները, որոնք անկախացման ժամանակ եղել են այդ պետության կազմում: Այսինքն, խոսքն ամենևին էլ Լեռնային Ղարաբաղի մասին չէ, ըստ իս: Եվ, բնական է, որ ԻԻՀ-ն մշտապես հանդես է եկել տարածքային ամբողջականությունը պաշտպանելու տեսանկյունից, որը վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին, այլև Հայաստանին: Եվ այս առումով Հայաստանի և Իրանի հարաբերություններում որևէ հարաբերություն չի խախտվել և չէր կարող խախտվել»,- ասաց Գ. Իսկանդարյանը:

Ինչ վերաբերում է վերջին շրջանում Հայաստան-Իրան դիվանագիտական հարաբերությունների պասիվացմանը իրանագետի դիտարկմամբ դրանք ևս չեն համապատասխանում իրականությանը, քանի որ ընթանում են նորմալ հունով և երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները պարբերաբար քննարկում են բազմաթիվ, այդ թվում՝ տարածաշրջանային հարցեր: Ու թեև համաճարակային իրավիճակով պայմանավորված բոլոր երկրներում միջև միջպետական հարաբերությունները մի փոքր թուլացել են, սակայն դա ամենևին էլ չի խոսում դիվանագիտական հարաբերություններում լարվածության մասին:

«Հայաստանի և ԻԻՀ կապերը բավական ակտիվ են տարբեր ուղղություններով և այս ընթացքում բոլոր քննարկումները օնլայն հարթակներով են իրականացվում: Բայց մեր կարծիքով մենք մշտապես պետք է ձգտենք է՛լ ավելի խորացնել ու ընդլայնել մեր կապերը հարևան պետության հետ: Կան նաև խնդիրներ, որոնց լուծումները բավականին դանդաղել են, խոսքը, մասնավորապես, էներգետիկ բնագավառներում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանն է վերաբերում: Պետք է հաշվի առնել, որ բոլոր նախագծերի ֆինանսական հարցերը դրված են Իրանի վրա, սակայն այսօր հարևան երկիրը գտնվելով ԱՄՆ միակողմանի պատժամիջոցների տակ լուրջ ֆինանսական խնդիրների առջև է կանգնած և կենտրոնացած է իր ներքին խնդիրները լուծելու վրա: Այսինքն, խնդիրները ոչ թե դիվանագիտական դաշտում են, այլ տնտեսական»,- ասաց Գ. Իսկանդարյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular